Սիրիայի Արտաքին գործերի և էմիգրանտների նախարարությունը Թուրքիայի հետ սահմանային Հալեպ նահանգի Ար-Ռայ քաղաքում Ստամբուլի բժշկական գիտությունների համալսարանի քոլեջ և ինստիտուտ բացելու թուրքական իշխանությունների որոշումը համարել է միջազգային իրավունքի խախտում: Այս մասին հայտնում է regionmonitor-ը՝ վկայակոչելով սիրիական պետական հեռուստատեսության հաղորդումը:
Սիրիայի արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ նման որոշումը «վտանգավոր նախադեպ է և միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում»:
Հայտարարության մեջ նշված է, որ Անկարայի նպատակն է շարունակել «Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը՝ խթանել սիրիական ճգնաժամը, աջակցել ահաբեկչական խմբավորումներին, դրանք ծառայեցնել սեփական կայսերական նկրտումներին»:
Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի օր առաջ հրամանագիր էր ստորագրել Ար Ռայի քաղաքում Ստամբուլի բժշկական գիտությունների համալսարանի և բժշկական ինստիտուտ հիմնելու մասին: Դա այն տարածքն է, որտեղ թուրքական բանակն իրականացրել է «Եփրատի վահան» գործողությունը: