Մեքենան գազով վարելը շահավետ է, բայց նաև պայթյունավտանգ, եթե անվտանգության կանոններ անտեսվում են: Հուլիսին ուժի մեջ մտնող կարգավորման համաձայն՝ գազի բալոն տեղադրող բոլոր ընկերություններն ու անհատները գործունեությունը շարունակելու համար պետք է լիցենզիա ունենան:
Արման Կարապետյան (ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ) - Քանի որ ՀՀ-ում շատ մեծ քանակությամբ գազաբալոնային սարքավորումներով համալրված տրանսպորտային միջոցներ են շահագործվում, իսկ դրանց տեղադրողներն ու, մանավանդ, պարբերական վկայագրում իրականացնողները մնացել են օրենսդրության լուսանցքներից դուրս, մեր խնդիրն էր, որ բերենք, որոշակի պահանջների համապատասխանեցնեն բոլոր այն տնտեսվարողներին, որոնք վերասարքավորում են իրականացնում տրանսպորտային միջոցների համար:
Միջազգային ստանդարտներն էլ պարտադրում են, որ բոլոր գազաբալոնները 2-3 տարին մեկ փորձաքննություն անցնեն: Օրենքի ընդունումից հետո ընկերությունները վեց ամիս կունենան լիցենզա ձեռք բերելու համար, վարորդներին մեկ տարի կհատկացվի, որ արդեն տեղադրած բալոնները ներկայացնեն ստուգման, հակառակ դեպքում ստիպված կլինեն այլ վառելիք օգտագործել:
Արման Կարապետյան - Պիտի հասնենք նրան, որ լցավորման կայաններում չստուգված կամ պիտանելիության ժամկետն ավարտված բալոնները չլիցքավորվեն:
Վարչական պատասխանատվության կենթարկվի այն լցակայանը, որը չփորձարկված բալոնի մեջ անգամ ցածր ճնշում կներարկի: Բոլոր մեքենաների տվյալները՝ գազի բալոն տեղադրելուց կամ փորձարկելուց հետո, կգրանցվեն էլեկտրոնային շտեմարանում, որով կառաջնորդվեն լցակայանները: Օրենքում փոփոխություններն անհրաժեշտ էին, անգամ ուշացած՝ կարծում է 15 տարի գազաբալոնների տեղադրմամաբ ու փորձարկմամբ զբաղվող ընկերության տնօրենը:
Մկրտիչ Տիգրանյան (գազաբալոններ տեղադրող ու փորձարկող ընկերության տնօրեն) - Տարիներ առաջ դա եղել է սերտիֆիկացված ծառայություն, որը հետագայում անհասկանալի պատճառով դա վերացվեց: Դրանից հետո ցանկացած գառաժում ու սեփական տան բակում սկսեցին գազաբալոններ տեղադրել և ես պնդում եմ դա հիմնական պատճառն է պայթյունների որ եղավ: Նույն տեղադրողը ոչ մի պատասխանատվություն չէր կրում իր արած աշխատանքի համար, շատ ժամանակ առանց հասկալու, թե այդ բալոնները պիտանի են օգտագործման:
ԱԻՆ տվյալներով 2016-ին և 17-ին հանրապետությունում 3-ական գազաբալոնի պայթյուն է տեղի ունեցել՝ մեկական զոհով և 3-ական տուժածով: 2018-ին կրկին 3 դեպք է եղել, բարեբախտաբար առանց զոհերի: 2019-ին պայթյունի 1 դեպք է գրանցվել, 2020-ին 2՝ որի արդյունքում զոհվել է մեկ մարդ:
Արման Կարապետյան - Եթե մենք հաշվի առնենք, որ մեր երկրում գազաբալոնների բումը տեղադրման սկսվեց 2000-ականների սկզբներին, իսկ բալոնի շահագործման ժամկետը 2 տարի է՝ կախված էլի բալոնի տեսակից, այսինքն՝ էդ հաշվարկով էն ժամանակն է, որ մեծ մասի մոտ շահագործման ժամկետները ավարտվել են, իսկ այդ բալոնները լիցքավորելը լուրջ ռիսկ են պարունակում:
Օրենքի նոր պահանջները սոցիալական հավելյալ բեռ չեն առաջացնի՝ վստահեցնում է ոլորտի հնաբնակ Մկրտիչ Տիգրանյանը և հավելում՝ մեքենայի տեխզննում անցնելուց չի բողոքում, ամենից կարևոր հարցը անվտանգությունն է:
Մկրտիչ Տիգրանյան - Ասեմ՝ նաև փորձից ելնելով, որ նույն վարորդները տարին գոնե մի անգամ էդ բալոնները հանում են, որովհետև բալոնում յուղ է կուտակվում, այսինքն՝ հանել, դատարկել, մաքրել դնելը ևս աշխատանք է, որ վճարում են:
Օրենքի կիրարկումից հետո փորձարկող լաբորատորիաների թիվը կավելանա, մրցակցությունն էլ կնպաստի գնիջեցմանը՝ վստահեցնում է ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Կարապետյանը: Նոր կարգով խստացվում են նաև անվտանգության կանոնները: Հորդորում գազ տեղադրելիս ուշադիր լինել. օրինակ՝ այսուհետև փականները պետք է ապահովիչ կափույրով լինեն:
Մկրտիչ Տիգրանյան - Եթե խողովակը կտրվի ինչ որ պատճառով, ներսում կա նաև փական, որ փակում է և չի թողնում, որ գազը ներսից դուրս գա, երբ որ ճնշումն է բարձրանում, էդ ժամանակ աշխատում է էս կափույրը: Այսինքն՝ այստեղից գազը դուրս կգա ու չի պայթի: Տարիներ առաջ հավաքվում էր էս սխեմաներով:
Փոփոխությունները վերաբերում են և՛ բնական, և՛ հեղուկ գազալցակայաններին ու բալոններին: Նախարարությունը մեկ նպատակ ունի՝ վիճակագրական աղյուսակում գազաբալոնների պայթյունների դիմաց 0-ներ տեսնել: