Փետրվարի 6-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն ընդունել է Viva բարեգործական կազմակերպության հիմնադիր ներկայացուցիչներ Տատյանա Հովհաննիսյանին և Վիկտոր Միխայլովին։
Հանդիպման սկզբում մշտական ներկայացուցիչն իր երախտիքի խոսքն է հղել բարերարներին՝ պատերազմի ամբողջ ընթացքում և այսօր էլ շարունակվող Արցախին ուղղված բժշկական օգնության համար։ Ս․ Ղազարյանն ընդգծել է, որ ներկա փուլում շատ կարևոր են պատերազմի վիրավորների վերականգնման ու բնականոն կյանքին ինտեգրման հարցերը։
Viva-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ հատկապես վիրավոր և հաշմանդամ զինծառայողներին ուղղված իրենց աջակցությունը շարունակական է լինելու, և պատրաստակամություն են հայտնել անել ամեն հնարավորը, որպեսզի մեր տղաները ՌԴ-ում և այլ երկրներում ստանան համապատասխան բժշկական միջամտություն, որը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում։
Զրույցի ընթացքում մշտական ներկայացուցիչը հյուրերին խնդրել է ուշադրության կենտրոնում պահել նաև զոհված զինծառայողների ընտանիքների՝ հաշմանդամություն ունեցող երեխաների բուժման և վերականգնողական գործընթացը, ինչին ի պատասխան՝ բարերարները հայտնել են իրենց պատրաստակամությունը։