Քաղաքացիները ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի շենքի առջև: Պահանջը՝ վերանայել նախադպրոցական կրթական հաստատություններում ընդունելության կազմակերպումը: Ծնողները նշում են, որ երեխաներին հերթագրելուց հետո սպասում են շատ երկար, սակայն կոնորավիրուսի սահմանափակումների մեղմացումից հետո էլ մանկապարտեզներից ընդունելության համար չեն կանչում:
Ծնողներից մեկի խոսքով՝ մանկապարտեզի տնօրենն ասել է, որ ընդունելությունն անորոշ ժամկետով հետաձգվում է՝ կլինի կա՛մ գարնանը, կա՛մ աշնանը: Նա նշեց, որ ստիպված հրաժարավել է աշխատանքից երեխային խնամելու համար:
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա ասաց, որ քաղաքապետարանը տեղյակ է խնդրին և քայլեր է ձեռնարկում մանկապարտեզներում հավելյալ խմբեր ավելացնելու համար:
Նրա խոսքով՝ նախորդ տարվանից մինչև հիմա համավարակի պատճառով մանկապարտեզներում ընդունելություն չկա, և համավարակի դեմ պայքարից բխող միջոցառումների շրջանակում քաղաքապետարանը հետևում է Կառավարությունից եկող ցուցումներին:
«Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները և համակարգող փոխքաղաքապետը նախաձեռնել են քննարկումներ համապատասխան գերատեսչությունների հետ՝ այս հարցին լուծում տալու համար՝ հասկանալով լարվածությունն այն առումով, որ շատ աշխատող ծնողներ և ոչ միայն աշխատող ծնողներ երեխաներին մանկապարտեզ տանելու խնդիր ունեն: Երբ քննարկումները հանգուցալածվեն, տեղեկություն կտրվի հանրությանը»,- ասաց Կարապետյանը: