«Ո՛չ կորոնավիրուսը, ոչ էլ այլ վիրուսներ մոր կրծքի կաթի միջոցով երեխային չեն կարող փոխանցվել»,- հիշեցնում է մասնագետը և վստահեցնում. ճիշտ հակառակը՝ երեխան կաթի միջոցով իմունիտետ է ձեռք բերում:
Կարինե Սիմոնյան (Մանկաբուժական 1-ին կլինիկայի ղեկավար) - Կրծքի կաթը, ես ասում եմ, սպիտակ արյուն է, մաման ինչով հիվանդացել է ամբողջ կյանքում, իր հակամարմինները տալիս է նորածնին:
Այլ հարց է հիգիենային չհետևելը: Մայրերը երեխաներին կարող են վարակել ձեռքերը հաճախ չլվանալու, կերակրելիս դիմակ չկրելու հետևանքով: Ի դեպ, սուր շնչառական սեզոնային վիրուսների հետ կապված այս տարվա բարվոք վիճակը, հնարավոր է, հենց դիմակ կրելու արդյունք լինի: Վերջին մի քանի տասնամյակի ընթացքում մասնագետները մանկական հիվանդանոցներն այս սեզոնին այսքան թեթև չեն հիշում:
Կարինե Սիմոնյան - Եթե մեր բաժանմունքը 48 մահճակալ է, եղել է էնպես, որ էնքան մեծ հոսք է եղել, որ մենք սպասարկել ենք մոտ 70 հիվանդ: Եվ մեծ մասը ռեսպիրատոր սենտիցիալ: Ինչու եմ սա նշում. որովհետև այդ վիրուսով ենք մենք տեսնում ծանր վիճակը:
Այս պահին համալսարանական առաջին մանկականում, որտեղ ամենախոցելի խմբի՝ մինչև մեկ տարեկան երեխաներն են սպասարկվում, 48 մահճակալից հազիվ 20-ն են զբաղեցնում սուր շնչառական վիրուսներով վարակվածները: Սեզոնային վիրուսի նահանջը Կարինե Սիմոնյանը մի քանի հանգամանքով է պայմանավորում: Հիմնական վարկածներից են՝ գուցե կորոնավիրուսը ճնշել է մյուս վիրուսներին կամ հիգիենային խիստ հետևելն է իր գործն արել:
Կարինե Սիմոնյան - Քովիդ-19-ի հե՞տ կապեմ, որը սեղմել է, և մնացած վիրուսները գլուխ չեն բարձրացրել, թե՞ սոցիալական հեռավորության հետ կապեմ, թե՞ դիմակի հետ կապեմ, թե՞ ձեռքերը լվանալու, հիգիենայի. չեմ կարող ասել հստակ, բայց կարող եմ ասել, որ մենք ունեցել ենք ամբողջ Մուրացանում կես տարվա ընթացքում 314 երեխա քովիդով, բայց մոտ 15-20 տոկոսի մոտ է եղել ընդամենը էդ սովորական, սեզոնային վիրուսները:
Սուր շնչառական վարակները Հայաստանում սկսում են ակտիվանալ հոկտեմբերի վերջից մինչև ապրիլի երկրորդ կեսը: Տարեկան միայն այս մի բուժկենտրոնում սպասարկվել է սուր շնչառականով 2.5 հազար երեխա, շատերը՝ ծանր վիճակում: Այս տարվա աննախադեպ ցուցանիշը գուցե Հայաստանում նոր մշակույթ ձևավորի, և կորոնավիրուսը թողնի նաև իր դրական ազդեցությունը. մարդիկ վիրուսների սեզոնին սկսեն դիմակ կրել, ավելի խիստ լինել սեփական հիգիենայի պահպանման հարցում: