Ինքնակամ կառույցները նախկին կադաստրային արժեքով օրինականացնելու համար քաղաքացիները կարող էին դիմել քաղաքապետարան մինչև հունվարի 31-ը: Գործադիր-օրենսդիր մարմինների գործակցությամբ օրենսդրական փոփոխության նպատակն էր, որ այս տարվանից ուժի մեջ մտած կադաստրային արժեքների հաշվարկման կարգի փոփոխությունները նախկինում դիմած քաղաքացիների համար հավելյալ ֆինանսական բեռ չդառնային:
Բաբկեն Թունյան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Կային մարդիկ, ովքեր նախկինում դիմել էին, օրինակ, ինքնակամ շինություններն օրինականացնելու համար, և գործող կարգավորումներն այսպիսին են, որ եթե մարդը դիմում է ու դիմումը բավարարվում է, այսինքն՝ որոշում է կայացվում, որ ինքը պետք է, կարող է իրականացնել, վճարում է այդ պահին գործող կադաստրային արժեքով ու ստացվում է, որ մարդիկ կային, որոնք դիմել էին 2020 թվականին, երբ կադաստրային արժեքները դեռ ցածր էին, բայց դիմումը բավարարվել է 2021 թվականին, ըստ այդմ՝ իրենք մի քանի անգամ ավելի մեծ գումար էին վճարելու:
Պատգամավորն ասում է՝ սա հնարավորություն էր տվյալ քաղաքացիների համար. նրանք մեղավոր չեն, որ, օրինակ, իրենց դիմումների պատասխանը կամ որոշումն ուշ է կայացվել:
Բաբկեն Թունյան - Միաժամանակ, մեկ փոփոխություն էլ այդտեղ եղավ, որ նպատակային նշանակությունը փոխելու համար, ովքեր դիմել են նախկինում՝ մինչև անցած տարվա դեկտեմբերի 15-ը, իրենց համար նույնպես ցածր կադաստրային արժեքներ են գործելու:
Երևանի քաղաքապետարանից էլ հայտնում են՝ աննախադեպ մեծ թվով դիմումներ են ստացել. հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը՝ շուրջ 30 հազար դիմում՝ ինքնակամ կառույցի օրինականացման համար:
Տիգրան Մնացականյան, Երևանի քաղաքապետարանի կարգավիճակ չունեցող շենքերի ուսումնասիրման բաժնի պետ - 2020 թվականին ընդամենը 2600 հատ դիմում է մուտքագրվել: Այդ 15-20 օրվա ընթացքում 10 տարվա կտրվածքով ստացել ենք դիմումների այդ քանակը:
Մնացականյանը նշում է՝ քաղաքապետարանը դիմել էր օրենսդրին՝ նման նախաձեռնության համար, քանի որ համավարակով, պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ համաքաղաքացիներին հին սակագներով սպառիչ որոշումներ կայացնելու ու պատասխաններ ներկայացնելու ժամկետի երկարացման անհրաժեշտություն կար:
Տիգրան Մնացականյան - Ժողովուրդն էլ, ինչ ինքնակամ շինություններ ուներ՝ կլինի մետաղական, մայթերի վրա, դիմել են:
Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով, սակայն, դիմումների թվում քիչ չեն նաև, որ նախկինում արդեն ներկայացված են եղել ու պատասխանն էլ ստացել են, որ հնարավոր չէ օրինականացնել, բայց կրկին դիմում են գրել:
Տիգրան Մնացականյան - Քաղաքաշինական նորմերին պետք է համապատասխանի, որ օրինականացման ենթակա լինի:
Երևանում 9 տարածագնահատման գոտու փոխարեն այժմ 12-ն են և, օրինակ, երկրորդ գոտում, եթե նախկինում 39.000 դրամ էր հողի կադաստրային արժեքը, ապա հիմա դարձել է 214.500 դրամ՝ տեղեկացնում է Մնացականյանը: Կադաստրային արժեքների հաշվարկման կարգի փոփոխությունները, պատգամավորի խոսքով, անհրաժեշտություն էին, քանի որ այդ համակարգը մեզանում ձևախեղված էր ու կարգավորման կարիք ուներ:
Բաբկեն Թունյան - Օրինակ, եթե բնակարանը, որի շուկայակա արժեքը 50 հազար դոլար էր մոտավորապես, կադաստրային արժեքը կարող էր կազմել 10-15 հազար դոլար, նույնը հողերի դեպքում էր: Այսինքն կադաստրային արժեքները մի քանի անգամ ցածր էին շուկայական արժեքներից ու, ըստ այդմ, ավելի քիչ հարկեր էին վճարվում կամ օտարման ժամանակ ցածր գնով էին վաճառվում:
Պատգամավորը նշում է՝ փոխեցին մեթոդը և կադաստրային արժեքները մոտեցրեցին շուկայական արժեքներին:
Փետրվարի 1-ից սկսած՝ դիմումները, որոնք քաղաքացիները կներկայացնեն քաղաքապետարան, ինքնակամ կառույցի օրինականացման համար կհաշվարկվեն նոր կադաստրային արժեքներով: Մնացականյանը հայտնում է՝ մինչև հունվարի 31-ը դիմած դիմումների ծավալը շատ է. մուտքագրում են ու զուգահեռ նաև ուսումնասիրում: