Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, անցյալ շաբաթ ստանալով խորհրդարանում իր դաշնակից ծայրահեղ ազգայնականների աջակցությունը, խոստացել է վերաշարադրել երկրի սահմանադրությունը՝ տեղեկացնում է ahvalnews-ը:
Էրդողանը հայտարարել է. թե Սահմանադրությունը, որը կազմվել է 1982-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո, անհրաժեշտ է վերափոխել Թուրքիայի ժողովրդավարությունը խթանելու համար: Սակայն ըստ նախագահի մրցակիցների՝ հայտարարությունը, որը քաղաքական փոթորիկ առաջացրեց, հասարակության ուշադրությունը սայթաքող տնտեսությունից շեղելու ցինիկ հնարք է:
«Մենք երբեք չպետք է զոհ դառնանք հասարակության օրակարգը շեղելու ջանքերին: Սրա նպատակն է թույլ չտալ, որ մեր քաղաքացիները տեսնեն իրական խնդիրները Թուրքիայում»,- ասել է Ալի Բաբաջանը՝ Էրդողանի նախկին դաշնակիցն ու Էկոնոմիկայի նախարարը, որն այժմ ղեկավարում է մրցակից քաղաքական կուսակցությունը:
Անցյալ տարի դոլարի նկատմամբ լիրայի ռեկորդային ցածր ցուցանիշից հետո Թուրքիայում ավելացավ գործազրկությունը, գնաճը հասավ 15 տոկոսի: Թուրքերն ավելի աղքատացան, Էրդողանի ժողովրդականությունը կտրուկ անկում ապրեց, ընկավ հասարակության վստահությունը նախագահական համակարգի նկատմամբ:
Թուրք պաշտոնյաները վստահեցնում են, որ բարեփոխումների առաջարկները մնացել են նախագահի մտորումների շրջանակում և չի սպասվում, որ դրանք կներառեն քայլեր՝ նրա ստանձնած լիազորությունները Ազգային մեծ ժողովին վերադարձնելու վերաբերյալ: Մինչդեռ Էրդողանի առաջատար մրցակիցները հենց դա են պահանջում: