Վահան Հարությունյան (հոգեբան, պատերազմի մասնակից) - Ասում եմ, որ հոգեբան եմ, ես էլ էնտեղ եմ եղել, հասկանում եմ ձեզ, եկել եմ զրուցելու:
Այդպես էլ սկսվում է զրույցը պատերազմին մասնակցած զինվորների հետ: Ինքը զենք բռնած չկար՝ մինչև պատերազմը: Նախ որպես հոգեբան Արցախ մեկնելու համար կամավորագրվեց, բայց չհամբերեց պատասխան ստանա. հաջորդ օրը հագին զինվորական համազգեստ էր: Հոգեբանի մասնագիտությունը խրամատում էլ պետք եկավ:
Վահան Հարությունյան - Երբ այնտեղ տեսնում էի՝ ինչ-որ մեկը շատ լարված, անհանգստացած է, փորձում էի նրա հետ առանձին զրուցել:
Անձնական փորձով հասկացավ՝ պատերազմն ինչ է, ինչ խնդիրներ է առաջացնում ընթացքում ու ավարտվելուց հետո: Սահմանին մահվան վախ կար միշտ, բայց միմյանց օգնում էին հաղթահարել ամեն դժվարություն:
Վահան Հարությունյան - Էդ պահին իրար ամենաշատը օգնում էին բոլոր տղերքը: Գալիս-հավաքվում էին էն մարդու կողքին, որը լարված էր էդ պահին, խոսում, սփոփում էին: Նաև շատ էր օգնում խինդը:
50 օր Ակնայում և Ասկերանում ծառայելուց հետո Երևանում միացավ Ֆրանսահայ վիրաբույժների խմբին ու սկսեց այցելել հիվանդանոցներում բուժվող տղաներին: Պատերազմի ժամանակ Իր տեսածն ու զգացածը օգնում է զինվորին ավելի լավ հասկանալ և աջակցել՝ հետպատերազմյան դժվարությունները հաղթահարելու գործում:
Վահան Հարությունյան - Համոզված եմ, որ եթե պատերազմի գնացած չլինեի, ինքս կարողա չդիմանայի, չէի կարողանա շարունակել այդ աշխատանքը:
Ինքը տղաների հետ պատրաստ է աշխատել միշտ, ցանկացած ժամի ու անվարձահատույց: Պատերազմի հետևանքով հոգեբանական խնդիրներ առաջացել են ոչ միայն մասնակիցների մեջ: Իսկ տղաների շրջանում խնդիրները տարբեր են՝ կախված տարիքից և հանգամանքներից:
Վահան Հարությունյան - 18 տարեկանները ավելի դիմացկուն են, ավելի պինդ են, ավելի շատ էներգիա ունեն, չնայած նաև ավելի զգայուն հոգեկան ունեն, բայց նաև վերականգնվելու հնարավորությունը նրանց դեպքում ավելի շատ է:
Հայաստանում հոգեբան բառից վախ կա՝ նշում է Վահանը: Դրա համար էլ ինքը թերապիայի փոխարեն զրույցի տարբերակն է ընտրել: Տղաների հետ աշխատելու համար իրեն շատ բան հարկավոր չէ, ընդամենը՝ երկու աթոռ ու վստահություն:
Վահան Հարությունյան - Իրականում խոսել դրա մասին շատերը չեն ուզում, որովհետև խոսելով վերապրում ես, վերհիշում ես, շատ ցավոտ է, բայց խոսելն օգնում է ինֆորմացիան հանգստացնել գլխի մեջ:
Հոգեբանի խոսքով՝ տղաներն ամենից շատ ուշադրության ու աջակցության կարիք ունեն: Պետք է զգան, որ իրենց արածը գնահատվում է ու չի մոռացվել:
Վահան Հարությունյան - Զինվորին տեսնելիս կարելի է ուղղակի ժպտալ, մոտենալ, շնորհակալություն ասել, եթե ուղղակի փողոցում տեսնում եք...