Եվրոպայում եղանակային կտրուկ տարբերություններ են՝ սկսած Ֆրանսիայում ջրհեղեղներից մինչև Գերմանիայում առատ ձյունը, որոնք միմյանց չզիջող խոչընդոտներ են առաջացնում ու վնասներ պատճառում՝ ներկայացնում է Associated Press-ը:
Ֆրանսիայում ջրհեղեղներն ավերել են երկրի հարավարևմտյան հատվածի խաղողի այգիները, իսկ Սենա գետը Փարիզում հինգերորդ օրն անընդմեջ բարձրանալով՝ ողողում է ափերը:
Այդ նույն ժամանակ Գերմանիայի հյուսիսային և արևմտյան շրջաններում ու Նիդերլանդներում մոլեգնում են ձնաբուքն ու ուժեղ քամին, ինչի հետևանքով երկու երկրում տրանսպորտի հետ կապված խնդիրներ են առաջացել, դադարեցվել է երկաթուղային կապը, հետաձգվել են թռիչքները:
Հարյուրավոր վթարային իրավիճակներ են ստեղծվել մայրուղիներում: Գերմանիայի ոստիկանությունը հայտնել է, որ ավելի քան երկու տասնյակ մարդ է վիրավորվել ճանապարհային վթարներից մերկասառույցի պատճառով: Նիդերլանդների իշխանությունն էլ երկրում հայտարարել է վտանգի «կարմիր» մակարդակ՝ կապված վերջին 10 տարում տեղի ունեցած ամենաուժեղ ձնամրրիկի հետ:
Բրիտանիայում էլ առատ ձյուն է կանխատեսվում առաջիկա օրերին, ինչը սպառնում է վնաս պատճառել Անգլիայի հարավ-արևելքում, քանի որ շատ սառը քամիներն արդեն տարածվում են երկրի զգալի մասում:
Իսկ Հայաստանում, հակառակը՝ փետրվարի 8-ից սպասվում են Սահարայի անապատի հյուսիսային շրջաններից եկող տաք օդային հոսանքներ: Այդ մասին տեղեկացնում է armeniasputnik.am-ը՝ վկայակոչելով Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալները:
Առաջիկա օրերին Սյունիքի և Տավուշի մարզերի հարթավայրերում կանխատեսվում է ռեկորդային բարձր՝ +20 ․․․ + 23 ջերմաստիճան:
Արարատի մարզում և Երևանում այս օրերին օդի ջերմաստիճանը կհասնի + 12 ․․․ + 14-ի, ինչը նույնպես չափազանց բարձր ցուցանիշ է փետրվարի համար: