Վաշինգտոնը մտադիր չէ վերացնել հակաիրանական պատժամիջոցները՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և հաստատել, որ իրանցիները պետք է առաջին հերթին դադարեցնեն ուրանի հարստացումը: Այս կերպ նա մեկնաբանել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի կոչը՝ տեղեկացնում է Interfax-ը:
Կիրակի Այաթոլլահ Խամենեին ասել էր՝ եթե Վաշինգտոնը ցանկանում է, որ Թեհրանը կատարի Համատեղ համընդհանուր գործողությունների ծրագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները, ամերիկացիները պետք է վերադառնան փաստաթղթի նորմերին և վերացնեն հակաիրանական պատժամիջոցները:
«Պայմաններ ներկայացնելու իրավունք ունի Իրանը, քանի որ հավատարիմ էր միջուկային պայմանագրի պարտավորություններին, և ոչ թե ԱՄՆ-ը կամ եվրոպական երեք երկրները, որոնք խախտեցին իրենց պարտավորությունները»,- գրել է Ալի Խամենեին Twitter-ում:
Ավելի վաղ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին ասել էր. «Մենք դուրս չենք եկել համաձայնագրից, հետևաբար, մեզ հարկավոր չէ վերադառնալ: Նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ անկախ նրանից, թե ում վարչակազմն է իշխում ԱՄՆ-ում՝ Թրամփի թե Բայդենի, գործարքի վերաբերյալ մեր դիրքորոշումը կմնա անփոփոխ: Մենք կկատարենք մեր ստանձնած պարտավորությունները, երբ համոզվենք, որ դրանց հետևում են նաև ԱՄՆ-ը և Եվրոպան»: