Մատեո Գոֆրիլլերի 1710-ին ստեղծած թավջութակով Ալբան Գերհարդն արդեն 30 տարի հոգիներ է գերում: Արժեքավոր գործիքին գովասանքներ չի շռայլում, բայց անբաժան ընկերոջ մասին կատակում է, թե հաջող ամուսնություն է: 1991-ին Բեռլին Ֆիլհարմոնիկի հետ բեմելից հետո նա իր գերհագեցած ծրագրով՝ Բախի սյուիտներից մինչև 21-րդ դարի կոմպոզիտորների ստեղծագործություններ, նվագել է առաջնակարգ բեմերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ հանդես է գալիս առաջին անգամ:
Ալբան Գերհարդ, թավջութակահար, Գերմանիա - Անկեղծորեն զարմացած եմ, թե ինչ հրաշալի նվագախումբ է: Շատ տաղանդավոր հայ երաժիշտների գիտեմ և գիտեմ, թե որքան կարևոր է երաժշտությունը ձեր երկրի համար, բայց նվագախմբային կատարման նման բարձր մակարդակի համար իսկապես ուրախ եմ: Թոփչյանն էլ չափազանց ճկուն է, շատ ստեղծագործ, և մեր մոտեցումները հրաշալի ներդաշնակվում են:
Հայաստանի և մեր երկրի հզոր երաժշտական ներուժի մասին պատկերացումներին երաժիշտը հավելում է նաև սեպտեմբերյան պատերազմից ծանր տպավորությունները, երբ հասկացավ, որ իր գոյաբանական անհավասար պայքարում աշխարհի աչքի առաջ Արցախը մենակ է մնացել:
Ալբան Գերհարդ - Մշտապես հետևում էի այդ զարհուրելի պատերազմի նորություններին, և ինձ սարսափելի վատ էի զգում Եվրոպայի լռության համար: Ես պատմությունը լավ չգիտեմ, բայց գիտեմ, որ այս հրաշալի երկիրը միայնակ մնաց պատերազմում և ամաչում եմ դրա համար: Բայց այժմ մի զարմանալի ոգեղենություն եմ տեսնում այստեղ և վստահ եմ, որ դուք ուժեղ եք և սա էլ կհաղթահարեք:
BBC Music Magazine մրցանակակիրը և Gramophone նոմինանտը երաժշտության քարոզչության համար նոր հարթակներ է ստեղծում, սիրում է նվագել երկաթուղային կայարաններում, հիվանդանոցներում, բանտերում: Ասում է՝ երաժշտությունը պետք է լցնի բոլոր հնարավոր տարածքները:
Մինչև երևանյան առաջին համերգը Գերհարդը Խաչատրյան համերգասրահի «Լուիզ Մանուկյան-Սիմոն» սրահում անվճար վարպետության դաս անցկացրեց հայ երիտասարդ տաղանդավոր թավջութակահարների հետ, իսկ համերգային ծրագրում Դվորժակ է և Բեթհովեն՝ նվագախմբի և մենակատարի ներդաշնակության լավագույն վկայությունը: