Քաղաքացիների հետ շփումները չեն հաղորդում ազդակներ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ կա՝ ասում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ավելացնելով, որ այդ պահանջը չի ձևակերպել նաև ընդդիմությունը:
Լիլիթ Մակունց, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար - Հանրային պահանջի ձևակերպման առաջնային մեխանիզմներից մեկը դա ընդդիմության և, ընդհանրապես, քաղաքական ուժերի կողմից ներկայացվելու տեսքով է։ Քաղաքական ուժերը, ինչպես մենք նշել էինք, խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես նաև արտախորհրդարանական ընդդիմության գերակշիռ մեծամասնությունն այդ պահանջը չի ձևակերպել։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետը խոսեց անցած տարեվերջին՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրելով խորհրդակցությունների: Առաջարկից օրեր անց էլ փակ հանդիպում ունեցավ խորհրդարական ընդդիմադիր ուժերի հետ: Փաշինյանի՝ հուշագիր ստորագերլու առաջարկը մերժվեց: Այդպիսով՝ համաձայնության չեկան:
Իշխանությանը մերժեց նաև արտախորհրդարանական ընդդիմությունը: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո փողոցային պայքարի դուրս եկած ուժերը հայտարարեցին՝ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին չեն մասնակցելու: Մակունցի կարծիքով՝ ընդդիմության առաջ պայման չի դրվել:
Լիլիթ Մակունց - Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար կան կարևոր գործողություններ, որի հետ կապված էլ առաջարկ է ներկայացվել ընդդիմությանը, սակայն դրական արձագանք չի գտել: Ընդդիմության կողմից իշխափոխության պահանջը հնարավոր է իրականացնել բացառապես ընտրությունների միջոցով։ Դրանով է պայմանավորված եղել, որ մենք ասել ենք՝ եկեք արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը քննարկենք և չենք առարկել:
Ընդդդիմության գնահատմամբ՝ իշխանությունը զբացված է մանիպուլացիայով: Մարուքյանը բացատրում է՝ նոյեմբերի 10-ից քաղաքական ուժերը պահանջել են վարչապետի հրաժարական, ի պատասխան Փաշինյանը առաջարկել է գնալ արտահերթ խորհրդարական ընտրությունների:
Էդմոն Մարուքյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար - Դա եղել է իր օրակարգը, որը չի մերժվել ոչ մեկի կողմից։ Եվ բոլորն ասել են՝ այո, արեք ընտրություններ։ Եվ ինքն էլ, ի պատասխան, ասել է՝ եթե ուզում եք անենք, եկեք հուշագիր ստորագրենք հիմա։ Հիմա էլ կարող է ասենք՝ հուշագիր ենք ստորագրում, ուրիշ բան ուզեն։ Ուզում եք ընտրություն անել, ցրեք խորհրդարանը, անենք, չեք ուզում անել, ասեք՝ չենք ուզում։
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ իշխանությունը սահմանափակելով սահմանադրական գործընթացները՝ հանրությանը մղում է հակաօրինական քայլերի: Ընտրությունների անցկացումը, այդուհանդերձ, չի բացառվում: Մարուքյանն ասում է՝ իշխանության քայլերն օրեցօր նվազեցնելու են նրանց վարկանիշը:
«Բարգավաճ Հայաստանից» տարօրինակ են որակում արտահերթ ընտրություններից հրաժարվելու քաղաքական իշխանության մտադրությունը: Միքայել Մելքումյանի խոսքով՝ իշխանությունը կարող էր հրաժարվել այդ գաղափարից՝ գիտակցելով, որ իրենց վարկանիշը գահավիժում է: Երկրորդ պատճառը, ըստ պատգամավորի, կարող է լինել այն, որ գործադիր իշխանությունը չի վստահում քաղաքական մեծամասնությանը:
«Բարգավաճ Հայաստանն արտահերթ ընտրության առաջարկը մերժել էր՝ շարունակելով պնդել. Փաշինյանը պետք է հրաժարական տա, ձևավորվի անցումային կառավարություն, իսկ ընտրությունները կազմակերպի 17 քաղաքական ուժերին թեկնածուն: Հնչում էին մեղադրանքներ, թե իշխանությունը կկեղծի ընտրությունները: Մինչդեռ 17 ուժերից «Բարգավաճ Հայաստանին» առնչվող քրեական գործ կա հարուցված, որ 2017 թվականի ընտրություններին ընտրակաշառք են բաժանել:
Մակունցը վստահեցնում է՝ արտահերթ ընտրությունների անցկացմանն իշխող ուժը կանդրադառնա վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզն ամփոփելիս: