Արցախում հրադադարից հետո Ադրբեջանը սկսել է կռիվ տալ հայկական մշակութային արժեքների դեմ: Փորձում են ոչնչացնել Արցախում խորը արմատներ ունեցող հայկական հետքը: Պատերազմի օրերին երկու հրթիռ ուղարկեցին Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ուղղությամբ: Ոչնչացրին Հադրութի Առաքել գյուղի հայկական խաչքարը, պղծեցին ու գլխատեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանն ու Թալիշի հայկական հուշարձանները, կոտրեցին Հադրութի շրջանի Դիզափայտ լեռան գագաթին գտնվող Կատարո վանքի խաչքարերը, անգամ հայկական գերեզմանների ու տապանաքարարի կողքով աննկատ չանցան:
Մշակույթի դեմ իրականացվող այս ոճիրը հովանավորվում է ամենաբարձր մակարդակով: Սրա վառ ապացույցն այն է, որ պատերազմից ամիսներ անց Ալիևը ընտանիքի հետ այցելեց Շուշի ու հենց Վազգեն Սարգսյանի արձանի տեղում ադրբեջանցի ինչ-որ գործիչների արձաններ տեղադրեց:
Արթուր Գևորգյան (Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն) - Այն, ինչ տարել-տեղադրել են Վազգեն Սարգսյանի արձանի տեղում, սովորական ֆաշիզմ է:
Պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ 1456 հայկական հուշարձան, այդ թվում՝ նաև 8 պետական թանգարան՝ 19 հազարից ավելի ցուցանմուշով:
Արթուր Գևորգյան - Պատերազմները մի օր ավարտվում են, բայց ազգը պարտվում է, երբ որ ազգի մշակույթն է պարտվում. մշակույթի իմաստով միլիարդավոր դոլարների պահանջ Ադրբեջանին:
Արցախում հայկական հետքը պահպանելու, բարբարոսություններին արժանի գնահատական տալու համար Գևորգյանը գործընկերների հետ նախաձեռնություն է սկսել: Այս փուլում հավաքում են վանդալիզմի փաստերը:
Արթուր Գևորգյան - Դրանից հետո՝ հավաքված նյութի գնահատման աշխատանք, հետո նախաձեռնող խումբը դիմելու է դատարան, նյութական վնասից՝ արժեքային, բարոյական վնասը:
Արա Ղազարյան (մարդու իրավունքների հարցերի միջազգային փորձագետ) - Կոնկրետ դատարան չկա, կան միջազգային ատյաններ, գործընթացներ, որտեղ այդ փաստերը կարելի է օգտագործել տվյալ իրավունքի մասին հարցի պաշտպանության համար, մարդու իրավունքների կոնտեքստում, պատերազմական հանցագործություն, պետության կողմից ռասիզմի դրսևորում:
Իրավաբանը շեշտում է՝ պատմամշակութային արժեքների ոչնչացման փաստերը կարող են հիմք դառնալ տարբեր միջազգային ատյաններում ապացուցելու, որ Ադրբեջանը հայկական մշակութային արժեքները թիրախավորել է ոչ թե ռազմական, այլ էթնիկ զտումների, բնակչությանն ահաբեկելու, թշնամական գործողությունների, անգամ ցեղասպանության նպատակով:
Ադրբեջանը նաև հայկական մշակույթը ոչնչացնելով է փորձում հասնել Արցախն առանց հայերի տեսնելու իր նպատակին: Իսկ դրա համար բոլոր գործողությունները պետք է փաստաթղթավորել ու որպես ապացույց ներկայացնել տարբեր միջազգային ատյաններում,- ասում է Ղազարյանը:
Մասնագետները համոզված են՝ Ադրբեջանին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու համար պետք է փաստերով ապացուցել Բաքվի բարբարոսությունները, այդ առումով դեռ շատ անելիք կա:
Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան