Ադրբեջանական Report լրատվական գործակալությունը հերթական կեղծիքն է տարածել, այս անգամ` Իտալիայի անունից, նշելով, թե Իտալիան Ադրբեջանին հրավիրել է Հռոմում մասնակցելու G20 գագաթնաժողովին: «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Նիկոլա Դիոնիսին հայտնեց, որ լուրն անհիմն է:
Լուրերը, թե Իտալիան Ադրբեջանին հրավիրել է ներկա լինելու G20 գագաթնաժողովին, անհիմն են, և որևէ այլ կերպ այդ տեղեկությունները չեն տարածվել կամ հաստատվել»,- հայտնեցին դեսպանությունից:
G20-ի այս տարվա գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 30-31-ը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ Իտալիայի դիրքորոշմանը՝ դեսպանությունից հայտնեցին, որ այն հստակ է և կշռադատված ու ներկայացված է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության 2020 թ. նոյեմբերի 11-ի պաշտոնական հայտարարությունում:
«Իտալիան ողջունում է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարությունը և հուսով է, որ այն ամբողջությամբ կպահպանվի: Մենք նաև ի գիտություն ենք ընդունում կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունները՝ հույսով, որ դրանք նոր ուղի կբացեն տարածաշրջանում խաղաղության հաստատման և իրավիճակի կայունացման համար»,- ասված է հայտարարությունում:
Իտալիայի ԱԳՆ-ն նաև նշել է, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, իր լիակատար աջակցությունն է հայտնում համանախագահ երկրներին: