Հայաստանի Հանրապետությունը վերջին 2 տարիներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով ավելի քան 2 միլիոն եվրո է վճարել Երևանի կենտրոնի կառուցապատման հետևանքով տուժած քաղաքացիներին։ Այդ մասին «Լուրեր»-ի գրավոր հարցին ի պատասխան՝ հայտնել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից։
2018-2021 թվականների ընթացքում կայացվել է չորս վճիռ՝ Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի, Վարդանյանն ընդդեմ Հայաստանի, Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի, Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի գործերով, որոնք վերաբերել են Երևանի կենտրոնի կառուցապատման ընթացքում հանրային գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման դեպքերին։ Վերը նշված գործերով դիմումատուները պահանջել են 6 միլիոն 422 հազար եվրո՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի հատուցում, որից Եվրոպական դատարանը բավարարել է 2 միլիոն 77 հազար եվրոն:
2000 թվականից Կառավարության որոշմամբ մեկնարկեց Երևանի կենտրոնի կառուցապատման գործընթացը՝ Հյուսիսային պողոտայի հիմնումն ու դրա մերձակա փողոցներում նոր բարձրահարկերի կառուցումը։ Գործընթացն իրականացվում էր աղաղակող խախտումներով՝ սկսած այդ հատվածում բնակվող քաղաքացիներին ուժով իրենց սեփական տներից հանելուց, վերջացրած փոխհատուցումների չափերով։ Երկարուձիգ տարիներ ներպետական ատյանները սպառելուց հետո Երևանի կենտրոնի մի շարք բնակիչների հայցերը հասել են ՄԻԵԴ և պատճառ դարձել Հայաստանի կողմից խոշոր չափերի փոխհատուցման։
Եղիշե Կիրակոսյան (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ) - Սեփականության իրավունքի խախտումների հետ կապված՝ այս պահին 21 վճիռ ունենք, որից առնվազն 8-ը վերաբերում է Թեղուտի խնդրին, մնացածը՝ Երևանի կենտրոնի կառուցապատմանը, այսինքն՝ խախտումների մեծ մասը Երևանի կենտրոնի կառուցապատմանն է վերաբերում։ Հիմնական խնդիրը եղել է օրենքի բացակայության պայմաններում Կառավարության որոշմամբ սեփականությունից զրկելու հանգամանքին։
Հայաստանի կողմից սեփականության իրավունքների խախտումների գործով հատուցած 2 միլիոն 77 հազար եվրոյի մի հսկա մասը միայն մեկ գործով է կայացվել։ «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է 1 միլիոն 608 հազար դոլար փոխհատուցել Յուրի Վարդանյանին։ Վերջինս Բուզանդի փողոցում ունեցել էր հողամաս՝ դրա վրա կառուցված տնով։ Տան համար պետությունը չնչին փոխհատուցում էր տվել Վարդանյանին, իսկ հողամասի համար որևէ փոխհատուցում չէր տվել։ Դատարանի որոշմամբ հետագայում Վարդանյանը զրկվել էր 1385 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից, ներպետական ատյաններում էլ որևէ հաջողության չէր հասել։ Վարդանյանի տարածքը կառուցապատման իրավունքով անցել էր «Վիզկոն» ՍՊԸ-ին։
Ընկերության սեփականատեր Պավել Անդերսոնը 2012-ին «Հետք» էլեկտրոնային պարբերականին ներկայացրել էր իր կողմից տարածքի ձեռքբերման պատմությունը՝ հայտնելով, որ այդ ճանապարհին կաշառել է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին ու Երևանի կառուցապատման ներդրումային գրասենյակի ղեկավար Կարեն Դավթյանին։ Վերջիններս հերքել են մեղադրանքները։
Պավել Անդերսոն (գործարար) - Ես գումարներ տվել եմ միջնորդավորված և ուղղակի Երևանի քաղաքապետի տեղակալ ԾԻԳ տնօրեն Կարեն Դավթյանին, տվել եմ 100 հազարավոր դոլարներով գումարներ, դրանք վճարվել են Հայաստանում հողատարածքներ ստանալու համար:
Անդերսոնի մեղադրանքների վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը 2019-ին իրավապահներին էր դիմել՝ դրանք քննելու համար։ Հարուցվել էր քրեական գործ։
Արուսյակ Ջուլհակյան («Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Քրեական գործը, վերջին անգամ երբ հետաքրքրվել եմ, հասել էր այն փուլ, երբ ՀՔԾ-ն փնտրում էր Պավել Անդերսոնին, դրա համար քրեական գործը կասեցվել էր։
Այս գործը եզակի էր այն փաստով, որ ՄԻԵԴ-ը իր վճռում հստակ անհատականացրել էր Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի գործողություննեը՝ հայտնելով, որ վերջինս օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել ու խախտել է արդար դատաքննության իրավունքը։
Եղիշե Կիրակոսյան - Այն հանգամանքը, թե որ պաշտոնյան է պատասխանատու, ավելի հետաքրքիր է պետության ներսում, ու այստեղ ՄԻԵԴ վճիռներում քիչ դեպքերում է, երբ կարող է անհատականացում լինել, ինչպես եղալ Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի գործով, երբ ֆիքսվել էր վճռի մեջ անվանական:
Կառավարությունը վերջերս ուշագրավ որոշում ընդունեց ՝ բարեկամական կարգավորման գնալով գերակա շահից տուժած ու ՄԻԵԴ դիմած դիմումատուներից մեկի հետ։ Քաղաքացի Լյուբով Փիլոյանին Արամի փողոցում պատկանող անշարժ գույքն անցել էր Երևանի կենտրոնի կառուցապատման և ներդրումային ծրագրերի գրասենյակին։ Նույն տարածքում Փիլոյանը պետք է 332 քառակուսի մետր մակերեսով տարածք ստանար՝ 99 տարվա վարձակալությամբ ու կառուցապատման իրավունքով։ Նոտարական գրանցումը, սակայն, Երվանդ Զախարյանը չէր հաստատել, իսկ հողատարածքն էլ քաղաքապետարանը հետագայում օտարել էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատկանող «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը։ Հնարավոր մեծ փոխհատուցման չափից խուսափելու համար Կառավարությունը որոշեց բարեկամական կարգավորման գնալ՝ ընդամենը 20 միլիոն դրամի կադաստրային արժեքով 332 քառակուսի մետր տարածքը վաճառելով Փիլոյանին։
Եղիշե Կիրակոսյան - Ես կարծում եմ վճիռնրի առկայությունը կարևոր է, ամեն ինչ չէ, որ հնարավոր է բարեկամակական կարգավորմամբ անել։ Վճիռները կարևոր են նրանով, որ կոնկրետացնում է, թե դատական համակարգում ինչ խնդիրներ, պրոբլեմներ ունենք։ Եթե հետ հայացք գցենք, Երևանի կենտրոնի կառուցապատման խնդիրը իրավական հիմքի խնդիր է, օրենքի խնդիր է։ Դա գուցե կարելի է լուծված համարել, որովհետև ունենք օրենք։ Դատարանը երբ որոշում է կայացնում արդարացի փոխհատուցման չափի վերաբերյալ, պետք է դիտարկի նաև, թե կոնկրետ գույքը, որն օտարվում է, հանդիսանում է եկամտի միա՞կ աղբյուր։ Սա պիտի լինի կարևոր չափանիշ, բայց սա մենք օրենքում արտացոլված չունենք։
Կան նաև դեպքեր, երբ Հայաստանի Հանրապետության փոխհատուցումը գերակա շահից տուժածներին կայացել է միակողմանի հայտարարության հիման վրա։ Դա այն դեպքն է, երբ Կառավարությունը ճանաչում է համապատասխան կոնվենցիայի խախտումն ու պարտավորվում փոխհատուցում տալ։ Այսպիսի 4 գանգատով լուծումներ են եղել՝ ընդհանուր 104 միլիոն դրամ փոխհատուցման ծավալով։
2019-ի մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություն կատարելու քայլերին նվիրված իր ելույթում հայտարարել էր՝ ՄԻԵԴ որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռացվեն պաշտոններից։ Որևէ դատավոր, սակայն, դեռ չի հեռացել։
Եղիշե Կիրակոսյան - Նման մեխանիզմի մասին անպայման պետք է խոսել, թե ինչ գործողություններ լինեն, որովհետև իրականում սեփականության իրավունքի խախտումների գործերով պատասխանատվությունը կրում է պետությունը, որը բավական մեծ է, ու պետք է մտածել մեխանիզմ։ Եվրոպական դատարանի վճիռների կատարումը չի ենթադրում միայն արդարացի փոխհատուցումը, պետք է ձեռնարկվեն նաև ընդհանուր բնույթի միջոցառումներ, որոնք ուղղված են օրենսդրական փոփոխություններին, այլ իրավական ակտերի ընդունմանը:
Արուսյակ Ջուլհակյան - Դատական օրենսգիրքը մենք անցյալ տարի փոփոխության ենթարկեցինք ու հատուկ իրավակարգավորում ենք նախատեսել, որ էական կարգապահական խախտում է համարվելու այն, որ միջազգային ատյաններում հիմնավորվի, որ նրանց կայացրած վճիռները պարունակել են մարդու իրավունքների հիմնարար խախտումներ, ու մենք այստեղ ունենք հետադարձության խնդիր։
Երևանի կենտրոնի կառուցապատման ընթացքում թույլ տված խախտումների հարցով ՄԻԵԴ-ը արդեն կոմունիկացրել է ևս 3 հայց։ Թե որքան է կազմում փոխհատուցման պահանջը՝ դեռևս պարզ չէ։