Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում աճել է 116 842-ով: Դա հոկտեմբերի կեսերից ի վեր գրանցված նվազագույն ցուցանիշն է, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալների հիման վրա:
Վերջին անգամ յոթ օրվա ընթացքում ավելի քիչ թվով վարակվածներ եղել են հոկտեմբերի 19-25-ը. այդ ժամանակ հայտնի էր դարձել 114 543 հիվանդացածների մասին:
Մոսկվայում փետրվարի 1-7-ը հաստատել են 13 652 նոր դեպք՝ նախորդ շաբաթվա 16 946-ի փոխարեն: Այսպիսով, ՌԴ մայրաքաղաքում վարակվածների թվի աճը նվազագույնն է եղել սեպտեմբերի վերջից ի վեր։
Վերջին յոթ օրվա ընթացքում բուժվել է 156 206 ռուսաստանցի։ Արդեն բուժված հիվանդների մասնաբաժինը արագ աճում է. եթե անցյալ կիրակի այն կազմում էր 85,7%, ապա այս կիրակի արդեն 87,1% է:
Առողջացողների թիվն արդեն գրեթե երկու շաբաթ գերազանցում է հայտնաբերվող դեպքերի թիվը, և այս պահին հիվանդ ռուսաստանցիների թիվը արագորեն նվազում է: Մեկ շաբաթվա ընթացքում այն նվազել է միանգամից 42 843-ով՝ մինչև 434 410, ինչը նվազագույն ցուցանիշ է նոյեմբերի 9-ից ի վեր: