Դեպի հարավ այցելուները Գորիսից Կապան մեկնելիս անցնում են բնական թունելի միջով; Պատերազմից հետո մեծ աղմուկ բարձրացավ, թե ճանապարհի զգալի հատվածը անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո: Այժմ մենք մեկնում ենք Շուռնուխ և անցնելու ենք հենց այս ճանապարհով: Մինչև թունել հասնելը սահմանապահները զգուշացնում են առաջին չորս կիլոմետրին չկանգնել, մեքենայի անսարքության դեպքում պարտադիր զանգահարել:
Թունելից հետո ռուս խաղաղապահների առաջին հենակետն է, հետո «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանակը: Որոտան իջնելիս շենքի մի կողմում Ադրբեջանի, մյուսում՝ ռուսական դրոշն է: Որոտանից մինչև Շուռնուխ ճանապարհին հենակետեր չկան:
Ստեփան Մովսիսյանն է: Տունը փողոցից ներքևում է՝ նոր տեղորոշումից հետո հենց նրա անասնագոմի կեսն է մնացել Ադրբեջանին: Տան դեմ դիմաց նոր ցուցանակն է՝ «Ադրբեջան, Կուբաթլուի շրջան, գյուղ Շուռնուխ»:
Ամեն օր տեսնում է՝ գալիս, մաքրում են ցուցանակները, բարևում, երբեմն էլ ծխախոտ խնդրում: Թե ինչպես է անցնում սահմանը իր տան կողքով, պատշգամբից ցույց է տալիս:
Որքան հանգիստ, այդքան էլ անհանգիստ է՝ մի քանի մետրի վրա ադրբեջանական վրաններն են: Տնամերձ այգին էլ չեն մշակում, պատշգամից պարզ երևում են բոլոր տեղաշարժերը: Ընտանիքը 1992-ից է ապրում այստեղ: Տանը երկու դեռահաս կա:
Ստեփան Մովսիսյան - Շուռնուխի բնակիչ - Հիմի ելել ես բալկոնը, ի՞նչ իմանաս՝ դիպուկահարը իր տարածքում նստած չի նայե քեզի, կարա՞ս երաշխավորես, չես կարա:
Տանը պահում է հին քարտեզներ՝ իր և Ադրբեջանին անցած մյուս 12 տունը եղել է հայկական տարածքում: Անկախ եղանակից՝ վառարանը միշտ փայտ են գցում, պետք է տանիքից ծուխ դուրս գա, որ հասկանան՝ սա հայի տուն է:
Տիկին Լաուրան 45 տարվա հարս է՝ 31 տարի՝ Շուռնուխում: Ապրում են օրվա հետ, բայց անհանգիստ է սահմանը հսկող զնիվորների համար;
Լաուրա Թովմասյան - Շուռնուխի բնակիչ - Անհանգստանում եմ զինվորների համար, ոչ թե իմ կյանքի, ես իմ կյանքն ապրել եմ:
Լավ ու վատ օրեր շատ է տեսել, աղոթքները զինվորների համար է, որ տուն հասնեն: Տղան, թոռը զինվորական են:
Տունը կորցրած 12 ընտանիքի մեծ մասը հիմա ապրում է գյուղի վերևի թաղամասում, երկու ընտանիք մեկնել է Գորիս, երկուսը՝ Կապան:
Գյուղապետը խնդրում է տեղեկությունները ճիշտ տարածել: Անտուն մարդ չկա, գյուղի վրա չեն կրակում:
Հակոբ Արշակյան (Շուռնուխ համայնքի ղեկավար) - Ընդհանուր հանգիստ է, իրենց կողմից ոչ մի բան չկա, կանգնած են իրենց պոստերում:
Ճիշտ չէ նաև, որ անասուններ են գողանում: Ճանապարհով անասուններին հանգիստ տանում են արոտի: Դեպք եղել է, երբ խոզն անցել էր սահմանից այն կողմ, 20 օր չէին գտնում: Դիմել էին խաղաղապահներին, պարզվել էր՝ խոզը ծնել է ճանապարհից ներքև:
Հակոբ Արշակյան - Ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանցիների հետ բանակցություն վարեցի, մեր տղան գնաց, բերեց խոզը իր ձագերով:
Խնդիրները գույքագրելու, լուծումներ գտնելու համար Կառավարությունը աշխատանքային խումբ էր ուղարկել Շուռնուխ: 3 հեկտարի վրա 11 նոր տուն կկառուցվի օժանդակ շինություններով: Տները կառուցելու համար ընտրել են անվտանգ տարածք։ Տները կլինեն միահարկ՝ նկուղներով:
Աշխատանքային այցով Սյունիք մեկնած փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Որոտան և Շուռնուխ համայնքների բնակիչների հետ քննարկումներից հետո հայտնել էր, որ բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ:
Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն: Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ՝ նվազագույնը վեց ամիս՝ մինչև բնակարանների կառուցումը;
Հրադադարից հետո էլ Էդիկ Հայրապետյանը նոր խանութ, ջերմոցներ է կառուցել: Այգում ծառեր է տնկել, անասունի գլխաքանակը ավելացրել:
Գյուղի վերևի թաղից էլ տեսնում են ադրբեջանցիների տեղաշարժը: Անհանգստություն ունեն, բայց վախեցած չեն: Հայ սահմանապահները հսկում են ճանապարհը:
Այսօր էլ գյուղում ամեն ինչ նույնն է: Գյուղապետը վստահեցրեց՝ ամեն ինչ հանգիստ է, ամենքը՝ իր գործին: