Փոքր տան մեջ մեծ երազանք է ապրում, միանգամից է նկատվում. այստեղ ամեն ինչ զինվորական կարգ ու կանոնով է, նիստ ու կացով:
Սև ու սպիտակ ալբոմը թերթում, գունավոր օրեր է հիշում տիկին Վարդուհին հեռավոր 1988-ից՝ Գերմանիայում ամուսնու ծառայության տարիներից: Դժվար բայց հաճելի օրեր էին:
Խնամքով պահպանված ալբոմում Յուրա Խաչատրյանի զինվորական դրվագներն են: Ամեն կադրում հարազատ ընկերներ, տոն դարձած միջոցառումներ:
Լավ հիշողություններն այնուհետև հայրենիքում ու մեկ սենյականոցում այս բնակարանում են, 1992-ից՝ ծառայություն հայկական զինուժում, 2000-ից 2016-ը՝ սպայական ուսադիրներով:
Յուրիկ Խաչատրյան (Զինթոշակառու) - Մինչև 2016 թիվը մայորով զորացրվել եմ և գնացել թոշակի: 1 սենականոց բնակարանում միասին երեք սերունդ է ապրում՝ 6 հոգով:
Փոքր բնակարանը մեծացնելու, 1 սենյակի փոխարեն 2-ն ունենալու համար Խաչատրյանները 2010-ից են հերթագրված: ՊՆ-ում այս ընտանիքի նման գրանցված, իրենց հերթին սպասող 844 զինթոշակառու կա: Բնակարանների ապահովման բաժնում ընթացիկ աշխատանքն են ներկայացնում:
Նախկին բնակարանաշինության ծրագրի փոխարեն ՊՆ-ն հիմա բնակարանների գնման վկայագրեր է հատկացնում՝առաջնահերթ զոհված կամ հաշմանդամ դարձածների ընտանիքներին, զինթոշակառուներին: 2019-ից մինչև այսօր տրամադրվել է բնակարանների գնման 281 վկայագիր:
Ալեքսանդր Ավետիսյան (ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական և սոցիալական պաշտպանության վարչության պետ) - 203-ը արդեն բնակարան են ձեռք բերել:
Արցախյան վերջին պատերազմը չլիներ, պետության հատկացրած գումարով բոլոր շահառուների բնակարանի հարցը կլուծվեր, նշում է վարչության պետը: 44-օրյայից հետո շահառուների ցանկը ընդլայնվել է:
Ալեքսանդր Ավետիսյան - Այս առումով սպեցիֆիկ է, պոտենցիալ շահառուները կարող են գնալ և դիմել, ծրագրին մասնակցել: Եթե մեր զոհված, հաշմանդամ դարձածների թիվը ավելանում է, հետևաբար գրանցված նախկինների հերթը մի քիչ ուշանում է:
Մինչև օրս 6 մարզի զինթոշակառուների բնակարանների հարցը քննարկել, ավարտել են: Օրինակ՝ Տավուշում հաշվառված 76 զինթոշակառուից 66-ին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, 64-ը ստացել է բնակարանի գնման վկայագիրը, որից 58-ն արդեն տուն է գնել:
Վահրամ Հարությունյան (ՊՆ բնակարանային պայմանների բարելավման բաժնի պետ) - Չնայած նրան. որ այդ ընթացքում որոշ մարդիկ չեն հասցրել թարմացնել իրենց գործերը, ունենք 55 թոշակառուներ, ում գործերը հիմա քննարկում ենք:
ՊՆ սոցիալական և բնակապահովման վարչությունում ամեն շաբաթ քննարկում են հայտերը:
Էջմիածնի 1 սենյականոց բնակարանում Խաչատրյանները սպասում են:
Նարեկը 30 տարեկան է, տունը լինի, ընտանիք կկազմի:
Հայրն այդ առիթով 25-տարվա հայկական կոնյակը խնամքով պահում է, կբացի նոր տանը՝ որդու հարսանիքին: