Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իրանի միջուկային հիմնահարցը քննարկել է բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի պաշտոնակիցների հետ` հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը: Ժան-Իվ Լը Դրիանն ասել է, որ քննարկման նպատակը միջուկային ու տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրների միասնական կարգավորումն է: Reuters գործակալությունն էլ տեղեկացրել է, որ եվրոպական երեք երկրներն Իրանին նոր ծրագիր են առաջարկել, որը կբարելավի Իսլամական Հանրապետության տնտեսությունը: ԱՄՆ նորընտիր նախագահի վարչակազմը փորձում է պահանել Իրանի հետ միջուկային գործարքը, որը կնքվել էր 2015-ին Իրանի և վեց տերությունների միջև: Սակայն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ի մայիսին դուրս էր եկել համաձայնագրից:
Մոսկվան Շվեդիայի Թագավորության, Լեհաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունների ներկայացուցիչներին persona non grata է հայտարարել: Պատճառն այն է, որ դիվանագետները մասնակցել են Ռուսաստանում անցկացվող ապօրինի բողոքի ակցիաներին: Ռուսաստանի արտգործնախարությունը հայտարարել է, որ նրանց այդ գործողություններն անընդունելի են և չեն համապատասխանում իրենց դիվանագիտական կարգավիճակին: Աշխատակիցները պարտավորվել են առաջիկայում լքել Ռուսաստանի Դաշնության սահմանները:
Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվն աշխարհում գերազանցել է վարակվածների թիվը՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը: Թեդրոս Գեբրեյեսուսն ընդգծել է, որ սա լավ նորություն է և զարմանալի ձեռքբերում այսքան կարճ ժամանակահատվածում: Առողջապահական կառույցի տնօրենը շեշտել է, սակայն, որ պատվաստումների ավելի քան երեք քառորդը տեղի է ունեցել ընդամենը 10 երկրում: ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ շուրջ 130 երկիր, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է 2,5 միլիարդ մարդ, դեռ չի ստացել պատվաստանյութի նույնիսկ առաջին չափաբաժինը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է նաև կորոնավիրուսային համավարակի նահանջի մասին, միևնույն ժամանակ շեշտել կանխարգելման միջոցառումները շարունակելու անհրաժեշտությունը: Կազմակերպության փորձագետը նշել է, որ այն երկրները, որտեղ վարակակիրների թիվը նվազում է, պետք է շարունակեն համավարակի տարածման կանխարգելման միջոցառումները. պետք է պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ և այլն: