Մարտունիում պատերազմի բովով անցած Մհեր Ազնաուրյանը տանն է: Երկու տարի պարտքը կատարելուց հետո հիմա ապագա դիվանագետը նոր պլաններ է կազմում. նպատակ ունի դասավանդել եռաչափ մոդելավորում:
Արցախյան պատերազմից մնացած բեկորներ, որոնք միշտ կհիշեցնեն մարտական փորձությունը: Զինվորական պարտքն Արցախում կատարելուց հետո Մհերը երկու տարի անց տանն է: Մարտունիում պատերազմի բովով անցած երիտասարդն ասում է՝ օրինակելի սերունդ համարվելու համար հիմա շատ ավելի մեծ անելիք ունեն:
Մհերը պատմում է՝ պատերազմի ժամանակ նպատակը մարտական առաջադրանքը մինչև վերջ կատարելն էր, որն արվում էր անգամ կյանքի գնով: Ասում է՝ ծառայությունն արդեն հասցրել է իրեն կոփել ֆիզիկապես ու հոգեպես:
Մհեր Ազնաուրյան - Բանակում սպունգ ենք դառնում, կլանում ենք թե ՛լավը, թե՛ վատը, իսկ արդեն ծառայության վերջին հատվածում սկսում ենք ֆիլտրել, թե ինչն է ճիշտ, ինչն է սխալ ու վերջնական այդ սպունգի պարունակությամբ վերադառնում ենք այս կյանք: Հետագա ամբողջ կյանքն այդ սպունգի վրա է հենված:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում մեկ կիսամյակ սովորելուց հետո է բանակ գնացել: Հիմա ավելի խորն է հասկանում, թե որն է լինելու մասնագիտական իր առաքելությունը: Ասում է՝ նախ կրթությամբ պետք է պատրաստ լինենք մարտահրավերներին:
Մհեր Ազնաուրյան - Լավ օրինակ պետք է ծառայենք, վատ օրինակ լինելու իրավունք չունենք:
Ծառայությունից առաջ նաև «Թումո» է հաճախել: Դեռ 17 տարեկան էր, երբ «Նետոյի առասպել» նախագծով հաջողվեց մասնակցել հակակոռուցիոն խաղի եռաչափ մոդելավորմանը:
Մհեր Ազնաուրյան - Երկար ժամանակ խաղը սարքեցինք, բայց գոհ էինք պրոցեսից, վերջում էլ արդեն Իտալիայում ներկայացրեցինք այդ կոմիքսների ու խաղերի փառատոնին: Շատ մեծ հաջողություն ու փորձ էր մեզ համար:
Հիմա նպատակ ունի դասավանդել եռաչափ մոդելավորում: Վստահ է՝ խնդիրները կլուծվեն լավ մասնագետների շնորհիվ: