Հայաստանի պետական օրհներգով սկսվեց Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծել ցանկացող նոր շարժման հիմնադիր համաժողովը։
Միասին պետք է կառուցենք ամուր, հպարտ, արդար ու ազնիվ պետություն՝ այսպիսին են տեսնում ապագան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» միության անդամները։ Հիմնադիրներից առաջինը Հայկ Բաբուխանյանը ելույթ ունեցավ, ու երբ խոսում էր երկրի ինքնիշխանությունը պաշտպանելուց, դահլիճ բերեցին դաշնության եռագույնները։ Հայաստանն ուժեղ կլինի, եթե ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները նոր մակարդակի բերվեն՝ պնդեց «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավորը։
Հայկ Բաբուխանյան, ՍԻՄ կուսակցության նախագահ - Հայտարարում են՝ ուզում են Սևանը, Երևանը, մենք դա թույլ չենք տա, մենք կգտնենք այդ ճանապարհը և այդ ճանապարհը Ռուսաստանի կողքին է։
Դեմ են Սորոսի հիմնադրամին, պահաջում են վարչապետի հրաժարականը, համոզված են, որ պարտությունը միտումնավոր է եղել, միևնույն ժամանակ՝ հայտարարում են, որ շարժումը վերկուսակցական է, ապաքաղաքական է։
Հայկ Բաբուխանյան - Մենք պաշտոն չենք բաժանում, մենք կանք մեկ հայ ժողովուրդ՝ անկախ «սևերի» ու «սպիտակների»:
Նոր շարժման ծննդյանը ներկա էին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Դեմոկրատական կուսակցության հիմնադիր Արամ Գասպարի Սարգսյանը, ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյան, Քայքայիչ աղանդների դեմ պայքարող Ալեքսանդր Ամարյանը, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ-ի ղեկավարը, Նարեկաբույժը, հոգեբանը, հայրենական պատերազմի մասնակիցները։ Հատուկ հյուրեր էլ կային՝ Ղրիմից էին եկել։ Հայի անկոտրում ոգու մասին Արմեն Մարդոյանի ելույթը ոգևորեց ներկաներին։
Դահլիճում երիտասարդները փոքրամասնություն էին, իսկ ավագ սերունդը խոսում էր հայ-ռուսական բարեկամության 200 տարվա պատմության մասին։ Հայկական ծագմամբ բյուզանդ կայսեր Վասիլի երկրորդի քրոջ Աննայի ու ռուսաց իշխան Վլադիմիր Մեծի ամուսնությունից մինչև մեր օրեր հիշեցին, պատմեցին ու հաստատեցին՝ միութենական պետության կազմում հայու գենն ավելի պաշտպանված կլինի:
Անուշավան Դանիելյան, Արցախի նախկին վարչապետ - Հավաքվել ենք, որ ճակատագրական որոշում կայացնենք:
Որպես ինքնիշխանությունը չկորցնելու օրինակ՝ ԵՄ երկրներ են մատնանշում։ Ու մինչև այդ գաղափարը կտարածվի հանրության մեջ, այսօր հաստատեցին 15 կետանոց ծրագիր, կոմիտեի կազմն ու վերջում երթով կառավարություն գնացին՝ թեկուզ ոչ աշխատանքային՝ շաբաթ օրով պահանջելու Փաշինյանի հեռացումը։