Հայաստանում շուտով նոր տեսակի գեոթերմալ հիդրոպոնիկ ջերմոցներ կկառուցվեն: Դրանց առավելությունն այն է, որ 90 տոկոսով խնայվում են ջուրը, ջեռուցումը, հովացումն ու էլեկտրաէներգիան: Համակարգն իրանցիներն են մշակել: Մասնագետները Երևանում են՝ ցույց տալու նոր ջերմատների առավելությունը:
Մուստաֆա Գոլբազ, «Գրին հաուս Ֆարազ Համուն» ընկերության գործադիր տնօրեն - Հայաստանում մեծ պոտենցիալ ենք տեսնում ջերմոցաշինության գործում: Առաջարկում ենք կառուցել ջերմոցներ, որոնք ջեռուցման համար շատ քիչ էներգիա են ծախսում: Մենք հաջողության ենք հասել Իրանում և ուզում ենք, որ հայ գործարարներն էլ աշխատեն այս մեթոդով:
Մուստաֆա Գոլբազն ասում է՝ և՛ Իրանում, և՛ Հայաստանում ռեսուրսները խնայելու խնդիր կա, իսկ այս համակարգով ծախսերը հասցրել են տասը տոկոսի: Ընկերության Հայաստանի ներկայացուցիչն ասում է՝ կաթիլային ոռոգման, օդափոխման և ջեռուցման ավտոմատ համակարգերով աշխատող ջերմատները մեկ այլ առանձնահատկություն էլ ունեն:
Գայանե Աբգարյան, «Գրին հաուս Ֆարազ Համուն» ընկերության Հայաստանի ներկայացուցիչ - Մեր ջերմոցները կարող են հսկվել Իրանից, կառավարվել Իրանից և ցանակցած վայրից: Ջերմոցի տերը ցանկացած փոքր շեղում իր հեռախոսին ստանում է հաղորդագրություն, որ ջերմոցում, օրինակ, ինչ-որ տեղի կաթիլայինը խնդիր ունի, այստեղ ավելի չոր է կամ հիթերի մոտ ինչ-որ խնդիր կա:
Նոր տիպի ջերմատներում հայ գործարարները մշակելու են հիմնականում վարունգ, լոլիկ, ելակ ու վարդեր, մինչդեռ իրանական նոր ջերմոցները նախատեսված են ցանակացած բույսի համար: Նարեկը մասնագիտությամբ ծրագրավորող է: Նոր-նոր է սկսել ջերմոցային տնտեսությամբ հետաքրքրվել: Պատրաստվում է հատապտուղ մշակել:
Նարեկ Քեշիշյան - Այս պահին հաշվարկների փուլում եմ, այսինքն՝ տեղանքն եմ ուսումնասիրում, կլիմայական տվյալներն եմ վերլուծում ու արդեն, ըստ այդմ, մշակաբույսի ընտրությունը կկատարվի: 1 քմ տարածքից ավելի շատ օգուտ կարող ենք ստանալ հիդրոպոնիկ համակարգերով, որոնք կօգնեն ջեռուցել ձմռանը կամ ցուրտ եղանակին, ինչպես նաև հնարավորություն կտան հովացնել ջերմոցը շոգ եղանակներին:
Ջերմոցի ամբողջ սարքավորումներն ու ժամանակակից տեխնոլոգիան բերվել է Իրանից: Առաջին հիդրոպոնիկ ջերմատները մի քանի օրից կկառուցվեն Մերձավանում, Աբովյանում, Աշտարակում և Էջմիածնում: Սկզբում չորսը կկառուցեն, հետո արդեն ցանցը կմեծացնեն: