Առաջիկայում մեծ էկրան բարձրացող «Կատարսիս» մուլտֆիլմի աշխատանքային վերջին շտկումներն են: Այն նկարահանվել է առանց թուղթ ու գրիչի՝ ժամանակակից տեխնոլոգիաներով, պլանշետ մոնիթորներով:
Նոր լուծումներով, հետաքրքիր գեղարվեստական պատկերներով անիմացիոն ֆիլմի պրեմիերան դեռ մեկ տարի առաջ պետք է լիներ: Հետաձգվեց՝ համավարակով պայմանավորված: Հանդիսատեսին երկար չեն սպասեցնի: Հունիսի 1-ին պատրաստվում են մեծ պրեմիերայի:
Արթուր Միքայելյան («Մուլտարտ +» ստուդիայի հիմնադիր, բեմադրող ռեժիսոր) - «Կատարսիսը» հեքիաթ է, որտեղ հերոսը առավոտյան տան դուռը բացելով՝ նկատում է տնից հեռացող ոտնահետքեր: Պարզում է, որ տնից ոչ ոք չի գնացել:
Բեմադրող ռեժիսորը փակագծեր չի բացում: Թե ո՛ւմ ոտնահետքերի մասին է պատմությունը, փոքրերը մեծ էկրանին կտեսնեն 5K տարբերակով: Մուլտֆիլմի բեմադրող ռեժիսորն ու սցենարի հեղինակը Արթուր Միքայելյանն է: Մտադիր է այն Կաննի փառատոնին ներկայացնել: Երեխաների պաշտպանության օրը միանգամից երկու պրեմիերա է լինելու: Ավարտել են նաև գույների անվերջանալի վեճի մասին պատմող «Ծիածանի լեգենդը» ֆիլմը:
Թեթև ու գեղեցիկ այս պատմությունները նույնքան հեշտ չեն ստեղծվում: Մինչև էկրան բարձրանալը ֆինանսական բարդ ճանապարհ են անցնում:
Արթուրի երկու մուլտֆիլմն էլ նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ: Անցած տարի 12 հայտ են ստացել, անկախ հանձնաժողովի որոշմամբ պետական ֆինանսավորում են հատկացրել 9-ին: Մի մասը դեբյուտային աշխատանքներ են եղել:
Ֆիլմերի համար հատկացված գումարը քիչ է, բայց աշխարհում ընդունված տարբերակ կա. հայտը բավարարելուց հետո 2 տարի ժամանակ են տալիս, որպեսզի պրոդյուսերները համարտադրողներ գտնեն տարբեր հիմնադրամներից:
Անցած տարի «Աբգրեյթ», նաև «Բլյուզ» մուլտֆիլմներն է ստեղծել, շարունակում է գործակցել նաև «Սոյուզմուլտֆիլմի» հետ: Ռեժիսորի համոզմամբ՝ անիմացիոն ոլորտին պետք է որպես բիզնեսի վերաբերվել, սա է մուլտինդուստրիան զարգացնելու միակ դեղատոմսը: Եթե կրթության հարցն էլ լուծվի, հնարավոր է արդյունքի հասնել:
Կրթության հարցը ժամանակ առ ժամանակ տարբեր ընկերություններ փորձում են լուծել: Մինչդեռ մասնագիտանալուց հետո շատերը նախընտրում են բարձր աշխատավարձով այլ երկրներում աշխատել:
Մինչ մասնագետների խնդիրը կլուծվի, կինոկենտրոնը փոքրիկների համար ծրագիր է մշակում: Որոշել են մարտից շաբաթ-կիրակի օրերին կինոթատրոններում հայկական մուլտֆիլմեր ցուցադրել: