Պատերազմից անմիջապես հետո Ստեփանակերտում վերսկսել են անավարտ շենքերի շինարարությունը: Նոր բնակելիներում կապրեն տեղահանված ընտանիքները: Բնակարանաշինական խոշոր ծրագրեր են սպասվում նաև շրջաններում:
Արագ բնակարանաշինության համար Արցախում փորձարկում են թեթև կոնստրուկցիայով հավաքովի տները: Պիլոտային ծրագիրն իրականացնում են Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղում: Պատասխանատուները վստահեցնում են՝ առանձնատները ոչնչով չեն զիջում քարաշեն բնակարաններին:
Հավաքվող տների շինանյութն առայժմ ներկրում են Ռուսաստանից, բայց չի բացառվում, որ գործարան հավաքեն Արցախում:
Փայտե տները տարբեր բնակմակերես կարող են ունենալ՝ կախված ընտանիքի կազմից: Երկու կողմից բնակելիները ջերմամեկուսացվում են: Դրսից սվաղվում են, ներսից հարդարվում արդի չափանիշներով:
Ոչ միայն ժամանակ, այլ նաև միջոցներ: Արցախի քաղաքաշինության նախարարի խոսքով՝ արագ հավաքվող տները շատ ավելի մատչելի են: Դա թույլ կտա ստեղծված իրավիճակում հնարավորինս շատ բնակարաններ կառուցել:
Բնակարանների հերթացուցակի առաջին շարքում զոհված, անհետ կորած և վիրավորված զինծառայողների և տեղահանված բազմազավակ ընտանիքները կլինեն: