Փետրվարի 5-ին` տեղական ժամանակով ժամը 19:36-ին, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, 10 կմ խորության վրա, գրանցվել էր 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել է 6-7 բալ: Այն զգացվել էր Գեղարքունիքի մարզում՝ 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, իսկ Երևան քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։
Երկրաշարժին հաջորդել է մոտ 60 սեյսմիկ իրադարձություն՝ փետրվարի 5-6-ը (ժամը 11։00-ի դրությամբ), որից 5-ը՝ M≥2.5 (բոլորն էլ ավելի թույլ էին, քան առաջին ցնցումը):
Անհրաժեշտ է նշել, որ վաղ գործիքային ժամանակաշրջանում նկարագրվող էպիկենտրոնային գոտում` 1933 և 1947 թվականներին տեղի են ունեցել համապատասխանաբար M=5․0 և M=4․8 մագնիտուդներով երկրաշարժեր: ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է ՀՀ, ԱՀ և հարակից տարածքների սեյսմիկ մոնիթորինգ: Կապված վերը նշված սեյսմիկ իրադարձությունների հետ՝ առանձնակի ուշադրություն է դարձվել ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատմանը։ Կատարվել է երկրաֆիզիկական և հիդրոերկրաքիմիական տվյալների վերլուծություն: Սեյսմիկ մոնիթորինգի ազգային դիտացանցի վերջին տվյալների համաձայն՝ նախքան տեղի ունեցած երկրաշարժը, անոմալ դրսևորումների քանակը մեծացել էր։ Դրանք դեռ ավարտված չեն։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարելի է եզրահանգել, որ ՀՀ և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով: Միևնույն ժամանակ, ելնելով առկա տվյալներից, ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է:
ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը շուրջօրյա ռեժիմով մոնիթորինգ է իրականացնում․ իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կհաղորդվի։