Բրիտանական հետազոտական Economist Intelligence Unit ընկերությունը հրապարակել է «Ժողովրդավարության ինդեքս 2020» զեկույցը, որի համաձայն՝ աշխարհի 167 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը։ Նախորդ տարվա զեկույցում Հայաստանը 86-րդն էր:
Բրիտանական ընկերության զեկույցի համաձայն՝ 2018-2019-ի բարելավումից հետո Հայաստանի դիրքերը 2020-ին նվազել են Արցախյան պատերազմի ընթացքում Հայաստանի կառավարության սահմանած ռազմական դրության հետևանքով, ինչը «սահմանափակել է քաղաքացիների ազատությունը»։
Ըստ «Ժողովրդավարության ինդեքս 2020» զեկույցի` Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում առաջատար է։
Վրաստանը զբաղեցրել է 91-րդ տեղը, Թուրքիան՝ 104-րդը։ Ռուսաստանը 124-րդ տեղում է։ Ադրբեջանը գտնվում է ավտորիտար երկրների շարքում և զբաղեցնում է 146-րդը հորիզոնականը, Իրանը 152-րդ հորիզոնականում է։
Առաջին հինգ հորիզոնականները զբաղեցնում են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան և Կանադան:
Վերջին տեղերում են հայտնվել Սիրիան, Կոնգոն, Հյուսիսային Կորեան: