Տեխնոլոգիական լուծումներ, որոնք կհեշտացնեն հայրենադարձող հայրենակիցների ինտեգրման գործընթացը, կապ կստեղծեն Հայաստանի ու սփյուռքի միջև: Աշխատանքի, կրթության, կամավորության ու մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ պատասխանները կլինեն մեկ հարթակում: Սեպտեմբերից մեկնարկած GovTech Launchpad ծրագրի եզրափակիչ փուլում հաղթել է TeachSurfing կազմակերպության առաջարկած ստարտափը:
Միգանուշ Մագարեան (TeachSurfing կազմակերպության համահիմնադիր) - ArmeniaConnect նախաձեռնության գլխավոր նպատակն է հայրենադարձությունը հեշտացնել և սփյուռքահայության և Հայաստանի մեջ եղած համագործակցություններն ուժեղացնել: Լինելու է մի հատ պլատֆորմ, որը ամբողջ հայերը, որ ապրում են Հայաստանից դուրս՝ 7.5 միլիոն հայեր, կարողանան մեր հարթակի միջոցով կապը ստեղծել Հայաստանի հետ, որպեսզի իրենց հայրենադարձությունն ավելի հեշտանա:
Միգանուշն աշխատանքներին մասնակցելու է Գերմանիայից՝ ծրագրավորողների թիմի հետ միասին: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի փորձագետը հայտնում է՝ ստարտափների ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերից: Ներկայացված է եղել 27 ստարտափ տարբեր երկրներից, վերջնական փուլում չորսից հենց TeachSurfing-ի ստարտափն է դարձել հաղթող:
Աքասիա Փոլատեան (ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի փորձագետ) - Մեր գրասենյակը համագործակցաբար Impact Hub-ի և GIZ գլոբալի, որը Գերմանիո կառավարության միջազգային աջակցության ծրագիրն է՝ ֆինանսական աջակցությամբ: Մտածեցինք, որ մի հատ ծրագիր ունենանք, որտեղ տեխնոլոգիական ստարտափները, որոնք Հայաստանում են կամ սփյուռքում են, կարողանան առաջարկել տենց լուծումներ, որ հեշտացնում է կառավարության գործը:
Մարիամը ցույց է տալիս ArmeniaConnect հարթակի փորձնական տարբերակը ու նշում, որ նախ՝ հայրենակիցները ստեղծելու են իրենց հաշիվները: Կապ է ստեղծվելու մասնագետների ու կազմակերպությունների միջև: Մարդիկ ավտոմատացված համակարգով իրենց որակավորումներին համապատասխան գտնելու են Հայաստանում առկա հնարավորությունները՝ կլինի աշխատանք թե կրթություն:
Մարիամ Սարգսյան (TeachSurfing կազմակերպության նախագծի ղեկավար) - Կլինեն տարբեր քննարկումներ, հարցուպատասխանի էջ, որտեղ արդեն իսկ հայրենադարձված կամ այդ պրոցեսներին ծանոթ մեր հայրենակիցները կկարողանան փորձով կիսվել: Օրինակ, թե որտեղ է գտնվում արաբախոս բժիշկ, և իրար օգնել նմանատիպ թեմաներով:
TeachSurfing-ի թիմը վստահեցնում է՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցելով կստեղծվի բովանդակություն, որով մինչև Հայաստան գալը հայրենակիցները գրեթե բոլոր ուղղությունների մասին իրազեկ կլինեն: Վստահեցնում են՝ նախագիծը նոր էջ է բացելու հայրենադարձության ու տնտեսության զարգացման համար: