Որպեսզի սպառողը կաթնամթերք գնելիս մոլորության մեջ չհայտնվի, ապրանքը խանութներում կառանձնացվի: Անարատ կաթով ու փոխարինչով պատրաստված մթերքը այսուհետև տեղ կգտնի առանձին դարակաշարերում: Սովորաբար կաթնամթերքի փոքր տարաների վրա բաղադրությունը կա՛մ մոլորեցնում է սպառողին, կա՛մ էլ այնքան մանր տառերով է գրված, որ գրեթե անընթեռնելի է:
Կաթնային, թե փոխարինիչով կաթ պարունակող մթերք: Որպեսզի խանութում սպառողը մոլորության չմատնվի, շուտով բոլոր խանութներում կաթնամթերքը կվաճառվի տարբերակված դարակաշարերում:
Արթուր Տիտոյան (սուպերմարկետի տնօրեն) - Մարդը հստակ հասկանում ա, որ իրանց գնված ապրանքը չի պարունակում բնական 100 տոկոսանոց կաթ, այլ պարունակում ա բուսական յուղ:
Բազմաթիվ են դեպքերը, երբ սպառողներն ապրանքի արտաքին տեսքի նույնական կամ շփոթության աստիճանի նման լինելու պատճառով մոլորության մեջ են ընկնում և հաճախ չեն էլ գիտակցում, որ, օրինակ՝ թթվասերի փոխարեն գնում են թթվասերի տեխնոլոգիայով պատրաստված կաթնային յուղի փոխարինիչով մթերք:
Սուսաննա Սիրունյան (սուպերմարկետի արագ սպառվող ապրանքների բաժնի ղեկավար) - Արտադրողը իրա ապրանքի վրա նշում ա պարտադիր, բայց քանի որ արտադրանքները փոքր են, վրայի մակնշումները փոքր են, հաճախորդը պետք է հավելյալ ժամանակ տրամադրի, ուսումնասիրի, հասկանա՝ իր ուզած ապրա՞նքն է, թե՞ ոչ:
Այս պահին տարբերակված դարակաշարերի տեղադրումը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և տնտեսվարողների միջև փոխհամաձայնությամբ է իրականացվում: Հակամոնոպոլ մարմինն արդեն շրջանառության է դրել օրենքի փոփոխությունը, որպեսզի պայմանը պարտադիր դառնա:
Մերուժան Խաչատրյան (ՏՄՊՊՀ անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության աշխատակից) - Այս պահի դրությամբ խոշոր առևտրային ցանցերից երեքում աշխատանքներն արդեն կատարված են, ևս չորսում աշխատանքներն ընթացքի մեջ են:
Հետագայում տարբերակված դարակաշարեր կունենան նաև փոքր խանութները՝ հավաստիացնում է հակամոնոպոլ հանձնաժողովի աշխատակիցը: Հանձնաժողովից հորդորում են՝ մինչև օրենքի ընդունումը վերացնել սպառողին մոլորեցնող բոլոր թերությունները: