Լուսանկարիչ Արեգ Բալայանը վավերագրել է 2 պատերազմ: Ապրիլյանին մասնակցել է՝ մի ձեռքին զենքը, մյուսին՝ լուսանկարչական ապարատ, 44-օրյային էլ իր եղբայրներն են մասնակցել: Պատերազմական ծանր պահերը տեսնել, ապրել, վավերագրելով՝ եկել է հաստատ համոզման, որ խաղաղությունը կարևոր արժեք է:
Հենց այսպես լուսանկարիչ Արեգ Բալայանը Շուշիում ֆիքսեց փոքրիկների ժպիտը։ Լուսանկարն Արցախյան պատերազմի օրերին շատերին լույսի շող տվեց։ 44-օրյա պատերազմում Արեգն իր կռիվն էր տալիս՝ վավերագրելով պատերազմը կյանքի ու մահվան սահմանագծում։
Արեգ Բալայան - Եթե դու այդ պատերազմական իրողության մեջ ես, միշտ չգիտես, թե ինչ կլինի հաջորդ վայրկյանին: Կապ չունի՝ դու հյուրանոցի մատուցող ես, թե լուսանկարիչ, թե զինվոր: Սկսում ես ապրել այդ իրականության մեջ՝ ամեն վայրկյանդ հասկանալով, ամեն վայրկյանդ գնահատելով:
2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արեգի մի ձեռքում զենքն էր, մյուսում՝ երբեմն ֆոտոխցիկը։ Ասում է՝ պատերազմի ցավն արդեն իրեն ծանոթ էր, բայց փորձում էր ամենադժոխային իրավիճակում էլ լույս գտնել։
Արեգ Բալայան - Իրականում, կյանք կար ու այդ եղած կյանքը շատ ավելի գնահատված էր ու շատ ավելի իրական, շատ ավելի գիտակցված՝ ի տարբերություն սովորական, առօրյա կյանքի, երբ դու ուղղակի ավտոմատ կաս ու չես գիտակցում, որ կաս, իսկ այնտեղ ամեն ինչից ես ուրախանում։ Այդ կյանքը պետք էր ցույց տալ:
Այս լուսանկարն արել է Շոշ գյուղում։ Ռումբն ընկել էր տանից մոտ 30-40 մ հեռու, բայց տունն ամբողջովին բեկորներից ավիրվել էր։ Հավերժացրել է պահը, երբ տան տերը համբուրում է սրբապատկերն ու շնորհակալություն հայտնում, որ տղան ողջ է մնացել։
Արեգ Բալայան - Ասում էր՝ միշտ դուրս էր գալիս, պատուհանից նայում, թե ինչպես են թռնում հռթիռները։ Այդ օրն էլ մոտեցել է, միանգամից կրակը խփել է երեսիս ու գիտակցությունը կորցրել է, հետո տղայի ձայնից է ուշքի եկել:
Լուսանկարի այս հերոսն էլ Ավետարանոց գյուղից է եղել, որտեղ թողել է տունն ու արագ դուրս եկել․ շուկայում փորձում էր մսավաճառ ընկերոջն օգնել:
Լուսանկարիչը պատմում է՝ այդ օրերին ֆոտոխցիկի դիտակետում ամեն կադր չէ, որ թույլատրված էր ֆիքսել։ Հատկապես կարևորում ու առանձնացնում է գերծանրաբեռնված աշխատող սպիտակ բանակի մարտիկներից լուսանկարներ։ Պալատներից մեկում էլ վիրավոր տղայի ծննդյան օրը փորձել էին տոնական տրամադրություն ստեղծել։
Արեգ Բալայան - Ժողովուրդն ամեն ինչ փորձում էր անել, որ տղաներն իրենց լավ զգային, մի քիչ կտրվեին այդ դժոխքից:
Լուսանկարչի կապն Արցախի հետ շատ խորն է եղել, իր կյանքի մոտ կեսն այնտեղ է անցկացրել։ Մարդկային այս պատմությունների կողքին Արեգի մտքում են եղել ճակատում զենքը ձեռքին մարտնչող երեք հարազատ եղբայրները։ Ասում է՝ երկուսը վերադարձան, իսկ փոքրը ծառայության մեջ է: Միջազգային լրագրողներից մեկն էլ հասցրել է ֆիքսել պատերազմի օրերին Արեգի ու եղբայրներից Լևոնի հանդիպումը։
Արկերի ու ռումբերի հեղեղի տակ, ասում է, չես մտածում կյանքի ու մահվան մասին, ընտրություն է՝ կամ այնտեղ ես, կամ՝ ոչ: Ռմբակոծության տակ են ընկել, այդ թվում՝ ֆրանսիացի լրագրողների խումբը։ Արեգն էլ մեկն էր նրանցից, որ վիրավոր գործընկերներին անմիջապես օգնեց հասցնել հիվանդանոց։
Պատերազմ վավերագրած լուսանկարիչն ասում է՝ կյանքը միակ արժեքն է, մնացյալն ածանցյալներն են։ Մենք, որպես ժողովուրդ, պետք է արթնանանք ու վերագնահատենք մեր ունեցածը: