Գանգրահեր փոքրիկը դեռ չի գիտակցում, որ հայրը միացել է անմահներին։ Օրը մի քանի անգամ նրա նկարները շարում է սեղանին՝ կարոտն առնում ու սպասում, որ պիտի գա։ Մատաղիսում զոհված հետախույզ Միհրան Ավդալյանին՝ մատաղիսցի Միրոյին, կնոջ վիճակն էլ հետ չպահեց ճակատագրական մարտից։ Հրամանատարի երկրորդ տղան ծնվեց, երբ ինքն ամենաթեժ կռիվների մեջ էր։
Հասմիկ Ավդալյան (Միհրան Ավդալյանի այրին) - Զանգեց, ասեց՝ տղես ում նման է, ասեցի՝ քո, էնքան շատ էր ուզում գրկել բալիկին:
Չհասցրեց որդուն գրկել, նույնիսկ չտեսավ։ Բայց մինչև այդ՝ ամուսիններով որոշել էին՝ ի պատիվ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ երեխային նրա անունով են կոչելու։ Հրամանատարի ընտանիքը փորձում է ապրել նրա բացակայությամբ։ Մայրը որդու՝ զինվորականի մասնագիտության ընտրությունը պատահական չի համարում։
Զասենիկ Ավդալյան (Միհրան Ավդալյանի մայրը) - Ինքը սիրում էր էքստրիմը, ամեն ինչում կար:
Միհրանը հետախուզական վաշտի հրամանատարն էր։ Պատերազմի առաջին իսկ օրերից հոր և եղբոր հետ առաջնագծում է եղել։ Ավագ լեյտենանտի հայրը՝ կապիտան Արմենակ Ավդալյանը, որ նաև Արցախյան առաջին պատերազմին է մասնակցել, որդիներին մեծացրել է զորամասերում։ Ասում է՝ զինվորական գործի նկատմամբ տղաների սերը մանկուց է գալիս։
Արմենակ Ավդալյան (Միհրան Ավդալյանի հայրը) - Ես սպա եմ եղել, որտեղ ծառայել եմ՝ Վայք, Քելբաջար և այլն, հետս ման են եկել ընտանիքով։
2016 թվականին, երբ Միհրանը ծառայության անցավ Մատաղիսում, ընտանիքը՝ տղային մոտ լինելու համար, կողպեց Ջանֆիդայի իրենց տան դռներն ու տեղափոխվեց Արցախ՝ մշտական բնակության։ Ինչ ստեղծել էին՝ պատերազմը տարավ։ Ամենածանրը Միհրանի կորուստն էր։ Ջանֆիդա վերադարձած ընտանիքում հիմա միայն նրա մասին հիշողություններով են ապրում։
Մայրը - Ասում էր՝ տուն-տեղ-երեխաներ՝ կաք, կարողանում եք նրանց պահել, իսկ իմ հրամանատարության տակ էդ երեխաներն են, ես էլ իրենց մասին պետք է մտածեմ։
Ավդալյանները որդու ծննդյան տարեդարձն առաջին անգամ կնշեն առանց նրա։ Ինքը չկա, բայց կան այն զինվորները, որոնց կյանքը փրկել է իր կյանքի գնով։ Մահվան վտանգն անգամ նրան հետ չի պահել։ Երբ հասկացել է, որ կենդանի մնացած զինվորներն ու զոհվածների մարմինները թշնամու շրջափակման մեջ են, գործի է դրել իր պլանն ու կրակի գոտուց դուրս բերել նրանց․ զոհված ընկերոջ մարմինը թշնամուն թողելը դավաճանություն է համարել։
Արմենակ Ավդալյան - Հոկտեմբերի 2-ին մոտ 100 զոհված ու վիրավոր մնացել էին պոստում, չորս հոգու հետ գնացել է, նույնիսկ զանգեց, մեզ հաջող արեց, հանեցին-բերեցին։ Յոթ հոգու մի անգամ է հանել շրջափակումից, հինգ հոգու՝ մի անգամ, մեկին Թալիշից՝ թշնամու թիկունքից, բերել է:
Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս բացառիկ քաջության և արիության համար հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանն արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճան շքանշանի։ Իսկ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի արժանացել է հետմահու։ Պարգևը հերոսի ընտանիքին հանձնել է Արցախի նախագահը։
Հրամանատարը աղավնիների սիրահար էր։ Հիանում էր հատկապես դրանց թռիչքով։ Ավանդույթը չխախտելու համար Միհրանի՝ խաղաղության թևավորներին եղբայրն է խնամում։