ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի կոմպոզիտորների միության և Հայկական երաժշտական համաժողովի ղեկավար անձնակազմի ու մի խումբ անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Ողջունելով ներկաներին՝ Վ. Դումանյանը նշել է, որ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումները դրական լիցքեր են հաղորդում և մշտապես սպասված են: Այնուհետև նախարարն անդրադարձել է համավարակի և պատերազմի հարուցած դժվարություններին ու վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է հաղթահարել այդ խնդիրները:
«Բավականին բարդ շրջան ենք ապրում. համավարակ, պատերազմ, դրանցից բխող հետևանքներ: Մեր ժողովուրդն այսօր հոգևոր-մշակութային լիցքերի կարիք ունի: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ցանկությունը միայն բավարար չէ. դա պետք է դառնա նպատակ, և համառ, հետևողական քայլերով հասնենք արդյունքի: Ես վստահ եմ, որ ձեր օգնությամբ ու համատեղ գործուն ջանքերով կարող ենք իրականացնել այդ ամենը»,- ընդգծել է Վ. Դումանյանը և այդ նպատակին հասնելու համար ցանկացած ուղիներ գտնելու պատրաստակամություն հայտնել:
Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է կրթության, այդ թվում՝ նաև գեղարվեստական կրթության կարևորությանն ու այն դիտարկել ազգային անվտանգության տեսանկյունից. «Կրթությունից է սկսվում մեր անվտանգությունը: Գեղարվեստական կրթությունը կրթության անբաժանելի մասն է: Մենք պետք է հստակորեն ձևակերպենք մեր նպատակները, անելիքները և ինտելեկտի բարձրագույն ճանապարհով կրթենք ու զարգացնենք մեր երիտասարդներին: Մեր անվտանգությունը կարող ենք ամրացնել և ապահովել՝ միայն գիտելիքներ փոխանցելով ու մտավոր բարձր կարողություններով անհատներ ձևավորելով: Եվ այդ գործում անգնահատելի է ձեր աջակցությունն ու ներդրումը»:
Ի պատասխան՝ կոմպոզիտորները տեղեկացրել են, որ նախորդ տարիներին կրթական տարբեր ծրագրեր են իրականացրել և այժմ էլ պատրաստ են դասընթացների, վարպետության դասերի, հանդիպում-քննարկումների միջոցով շարունակել իրենց ներդրումն այդ կարևոր գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հոբելյանական միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանն ուղղված մի շարք հարցեր:
«Այս տարի նշում ենք հայ մեծանուն կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի և մեր մյուս մեծերի հոբելյանները: Չնայած բոլոր դժվարություններին և խնդիրներին՝ մենք պետք է հոբելյանական միջոցառումները կազմակերպենք և իրականացնենք պատշաճ մակարդակով: Այս գործում ևս ակնկալում ենք ձեր մասնագիտական աջակցությունը»,- ընդգծել է նախարարը:
Խոսելով երաժշտական կյանքի ակտիվացման մասին՝ Վահրամ Դումանյանը ներկաներին հորդորել է այցելել սահմանամերձ մարզեր, համայնքներ և Արցախ: Նախարարը համոզմունք է հայտնել, որ այժմ, առավել քան երբևէ, սահմանամերձ շրջաններում ապրող մեր հայրենակիցները մշակույթի հետ հաղորդակցվելու կարիք ունեն, և բոլոր ջանքերը պետք է ուղղել մարզային համայնքներում մշակութային կյանքի ակտիվացմանն ու գեղարվեստական կրթության զարգացմանը: Գերատեսչության ղեկավարն առաջարկել է արդեն իսկ սկսել աշխատանքներն այդ ուղղությամբ՝ ձևավորելով հստակ ժամանակացույց և համապատասխան ծրագրեր:
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է ոլորտի կարևոր, ռազմավարական խնդիրներին՝ մշակույթի ապակենտրոնացմանը, գեղարվեստական կրթությանը, ստեղծագործական խմբերում՝ արվեստագետ- գործատու, սերնդափոխությանը և մասնագիտական այլ հարցերի:
Հայաստանի կոմպոզիտորների միության և Հայկական երաժշտական համաժողովի ղեկավարներն ու անդամները հակիրճ ներկայացրել են իրականացրած և առաջիկա ծրագրերը: Նրանք խոսել են նաև առկա խնդիրների մասին և լուծումներ առաջարկել այդ ուղղությամբ:
Հանդիպման ավարտին Հայկական երաժշտական համաժողովի ղեկավար Լևոն Չաուշյանը նախարարին նվիրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրենց կազմակերպության կողմից հրատարակված «Հայ ժամանակակից կոմպոզիտորների» ձայնագրությունների հավաքածուն, որը ներառում է Երվանդ Երկանյանի սիմֆոնիկ, Լևոն Չաուշյանի կամերային և սիմֆոնիկ, Մարտին Վարդազարյանի էստրադային և կինոերաժշտության ընտրանին, Վահրամ Բաբայանի կամերային, Կոնստանտին Պետրոսյանի կամերային, խմբերգային և ջազային, Սուրեն Զաքարյանի կամերային և սիմֆոնիկ, Արմենուհի Կարապետյանի խմբերգային ստեղծագործությունները: