Մեղրեցիների համոզմամբ՝ ճանապարհների ապաշրջափակումը տնտեսությունն աշխուժացնելու իրական հնարավորություն կտա: Հիշում են այն ժամանակները, երբ Մեղրու կայարանը Երևանը, Բաքուն և Թեհրանը կապող կարևոր հանգույց էր:
Զանգը տալիս, գնացքներին կայարանում ընդունում, ճանապարհում էր խաղաղության արձանը՝ ձեռքին աղավնի: Դա հեռավոր՝ մինչև 1990-ականները: Վերջին գնացքը Մեղրու կայարանով անցել է 92-ի ապրիլին: Այստեղից Կապան հասնում էին, օրինակ, չորս ժամում: Զանգեզուր գնացքի ուղղությունը Սամվելի համար ամենահիշվողն է:
Սամվել Դավթյան, Կայարանի բնակիչ - Դեպի Երևան գրեթե 7 ժամ գնում էինք, պառկում էինք, հանգստանում, ամեն մեկս գործուղման էինք գնում, իրենց բերքն էին տանում, վաճառում, հետ գալիս:
Կայարանը կարևոր խաչմերուկ էր Երևան-Բաքու, Երևան-Կապան, Թեհրան-Մոսկվա գնացքների համար: Կոմբինատի, գինու, պահածոների, խճաքարի գործարանների արտադրանքը տեղափոխվում էր այստեղից:
Արմեն Դավթյան, Մեղրու կայարանապետի տեղակալ /1989-1992թթ./ - Խճաքարի գործարանն է, այսօր սառեցված վիճակում է, իսկ ԽՍՀՄ ժամանակ հասնում էր մինչև Վլադիվոստոկ, գնացքների ամբողջական ձևակերպումը ես եմ արել:
Հետո Կայարանն անցավ հայկական երկաթուղու հաշվեկշռին, Արմենն ու երեք աշխատող աշխատեցին մինչև 2014 թվականը:
Մոտ 40 կմ Կապան-Մեղրի երկաթգիծն անցնում էր Արաքսի ափով: Երկաթգծի անհետացման փաստով Էդմոն Մարուքայնը դիմել էր գլխավոր դատախազին, հարուցվել էր քրեական գործ՝ երկաթգծի հափշտակման մասով; Նախաքննությունը հանձնարարվեց հատուկ քննչական ծառայությանը:
Էդմոն Մարուքյան, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար - Այդ հատվածն ունի ռազմավարական նշանակություն:
Երկաթգծի ապամոնտաժման գործընթացին մասնակցել է Պաշտպանության նախարարությունը: Դեռ անցած տարի «Լուրերը» հարցում էր ուղարկել ՊՆ-ին և ստացել պատասխան՝ ապամոնտաժումն իրականացվել է գերատեսչության պատվերով: Նախարարությունը տրամադրել էր նաև պայմանագրերը, ըստ որոնց երկաթգիծը ապամոնտաժվել է 2003-ին:
2003-ին, երբ ՊՆ նախարարը Սերժ Սարգսյանն էր, գերատեսչությունը պայմանագիր է կնքել 2000 տոննա, շուրջ 31 կմ ուղեգծերի ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար, պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 21 մլն դրամ: Ապամոնտաժումից և ուղեգծերն ստանալուց հետո ՊՆ-ն դրանք վաճառել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ 320 հազար դոլարով:
Պայմանագիրը Պաշտպանության նախարարության անունից ստորագրել է այն ժամանակ փոխնախարար Յուրի Խաչատուրովը: 1993-ին վարչապետի պաշտոնում Գագիկ Հարությունյանը որոշում է կայացրել Զանգելանի և Օրդուբադի երկաթգծի կամուրջները պայթեցնել, որպեսզի երկաթգիծը չշահագործվի: Ռազմական առումով երկաթգիծը չափազանց կարևոր նշանակություն է ունեցել; Կայարանապետի տեղակալը լավ է հիշում՝ արցախյան առաջին պատերազմին զենքն ու զինամթերքն անցնում էին կայարանով:
Եղե՞լ է արդյոք 2004-2014թթ. երկաթգծի արտահանում Հայաստանից Իրան: Պետեկամուտների կոմիտեն պատասխանել էր՝ այդ տարիներին հարևան երկիր արտահանվել է 3000 տոննա մետաղի ջարդոն, ռելս: Արմեն Դավթյանն ականատեսն է եղել քանդման գործընթացին:
Մեղրի-Կապան երկաթգծի ապամոնտաժումից տարիներ անց՝ 2008-ի հոկտեմբերի 2-ին, խորհրդարանի ամբիոնից, արդեն նախագահի պաշտոնում, Սերժ Սարգսյանը խոստացավ.
Սերժ Սարգսյան, ՀՀ երրորդ նախագահ - Առաջիկա տարիների ընթացքում սկսելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել:
Հարց չհնչեց՝ ինչո՞ւ ապամոնտաժվեց երկաթուղին, եթե պետք էր նորից կառուցել: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը Սարգսյանի պաշտոնավարման տարիներին այդպես էլ չսկսվեց:
Սերժ Սարգսյան - Տնտեսության զարգացումն առանց կոմունիկացիաների, հատկապես երկաթգծի, մեր հանրապետության համար շատ դժվար է:
Կայարանաբնակները կարծում են, որ ապաշրջափակումը ոչ միայն հարավի, այլ ամբողջ Հայաստանի համար տնտեսության զարգացման կարևոր նախադրյալ է: Գործարաններն աշխատում են սեզոնային կամ չեն աշխատում: Անվտանգության հարցի շահարկումները պատերազմից հետո գուցե իրատեսական են, բայց երկարամյա կայարանի աշխատակիցը մեծ համոզմունք ունի՝ ինչպես նախկինում, հիմա էլ ապրանքի տերերը վնաս չեն ունենա պարզ պատճառով՝ բեռը հանձնվում է երկաթգծին, պատասխանատուն երկաթգիծն է: