Ղրղզստանում մեկ շաբաթվա ընթացքում ձերբակալվել են երկրի երկու նախկին վարչապետները՝ հայտնում է Interfax-ը:
Նախ հունվարի 28-ին Ղրղզստանի իրավապահ մարմինները ձերբակալել էին Մուհամեդկալի Աբիլգազիևին՝ կոռուպցիայի և ապօրինի հարստացման մեղադրանքով:
Ըստ հետախուզական ծառայության՝ նա չհիմնավորված և օրենքի խախտմամբ ստորագրել է հրամանագիր, ըստ որի երկրի ամենամեծ ոսկու հանքավայրի շահագործմամբ զբաղվող «Կումտոր» ընկերությանը լրացուցիչ հատկացվել են երկրաբանական հետախուզման և ոսկու արդյունահանման տարածքներ:
Աբիլգազիևը երկրի կառավարությունը գլխավորել է 2018 թ.-ից, հրաժարական է տվել 2020-ի հունիսի 15-ին:
Այսօր արդեն հրապարակվել է Ղրղզստանի մեկ այլ նախկին վարչապետի՝ Կուբանիչբեկ Ժումալիևի ձերբակալության լուրը: Նրան նույնպես ներկայացվել է կոռուպցիայի մեղադրանք:
Հետախուզության տվյալներով՝ Ժումալիևը, լինելով պատգամավոր և միևնույն ժամանակ Ղրղզստանի միջազգային բժշկական համալսարանի փաստացի սեփականատեր, ճնշում գործադրելով և իր քաղաքական ազդեցությունն օգտագործելով, ապօրինաբար ստացել է կրթության ոլորտում գործունեություն իրականացնելու արտոնագիր:
Բացի այդ, պարզվել են Ժումալիևի, ինչպես նաև նրա հետ կապված անձանց ու տնտեսվարող սուբյեկտների կողմից ապօրինի հարստացման, քրեական եկամուտների օրինականացման և հարկերից խուսափելու փաստեր: Ժումալիևը Ղրղզստանի վարչապետ է եղել 1996-1998 թվականներին: