44-օրյա պատերազմը սխրանքներով լի բազում էջեր ունեցավ: Վարձկան ահաբեկիչներով համալրված թուրք-ադրբեջանական զորքերի դեմ անհավասար մարտերում 18-20-ամյա ժամկետային զինծառայողները հերոսական մարտեր էին մղում, իսկ իրենց արածների մասին պատմելիս համեստ են: Թշնամական տանկեր ոչնչացրած տղաներից է Նվեր Անանյանը, որ հատուկ հայրենիքի առաջ պարտքը կատարելու համար էր հայրենիք վերադարձել:
Մարզիկի կազմվածքով, արտաքուստ անվնաս 19-ամյա երիտասարդը օրվա մի մասը սայլակով է, մյուսը` ձեռնափայտով: Պատերազմի վերքերը երևացող չէին:
Նվեր Անանյան (ժամկետային զինծառայող) - Ձախ աչքս մինչև հիմա չի տենում, ձախ ականջս չի լսում, ձախ կողմից լրիվ թույլ ա, ոտս ա, մեջքս ա, էս հատվածն ա լրիվ:
Ժամկետայինը զինվորական ծառայության էր եկել Ռուսաստանից, իր որոշումն էր, ծնողները ետ չպահեցին; Իջևանի մարզադպրոցի` ամուր հոգով ու բռունցքով նախկին սանի տեղը հատուկ ջոկատն էր: Նվերը զենքի մասին էլ լսելով չէ, որ գիտեր: Տատոնց տունը Բերքաբեր գյուղում սահմանին ամենամոտն էր, մի քանի անգամ հրետակոծվել է: Սիմոն պապը իրեն ամբողջ կյանքում զինվոր է համարում, գյուղի ինքնապաշտպանության մարտիկներից է: Թոռանը հասցրել է գոտեպնդել պատերազմի առաջին իսկ օրը.
Սիմոն Անանյան (Նվերի պապը) - Որ իմացանք կռիվ ա, ասել եմ` ես էլ, տղես էլ, վախես ոչ, իրար չկորցնել:
Նվերը լռությունը վերջերս է խախտել: Տնեցիներն էլ են ուշ իմացել 2 ամսվա զինվորի գլխով անցածը: Առաջին մարտերը Թալիշ-Մատաղիս ուղղությամբ էին:
Նվեր Անանյան - 13 տանկից հասցրել ենք 9 հատ տրաքացնենք, էն 5 հատը անցել են մեր մոտից, իջնում էին Մատաղիս, էնտեղ էին տրաքացրել 4-ին: Հենց առաջին օրը հարված ստացել եմ, բայց 3 օր տենց շարունակել եմ էդ վիճակում վիրավորներին տանել-բերել, օգնել, կռվել:
Ցավ զգացել է միայն Երևանի ճանապարհին:
Նվեր Անանյան - Ձեռս ջարդած ա եղել երեք տեղից, չեմ զգացել, մենակ մատներս դուրս էր եկել, մասսաժ եմ արել, քցել տեղը: Հարվածի ալիքից ողնաշարիս ներքևի դիսկը կպել էր ներվերիս, ու անզգայացել էին ոտերս:
Մոտ 2 շաբաթ հիվանդանոց, և էլի մարտադաշտ: Դեռ լիովին չէր կազդուրվել, բայց չէր համբերում, կիսատ գործեր կային՝ ասում է: Աչքի առաջ էին անօդաչու սարքերի հարվածից զոհված տասնյակ ընկերները: Երկրորդ անգամ հիվանդանոցում է հայտնվել անգիտակից վիճակում: Թշնամու ինքնաթիռի նետած կեստոննանոց ռումբը պայթել էր իրենից մոտ 50 մ հեռու: Վնասվածքներն այնպիսին են, որ ծառայությունը շարունակել չի կարող: Հիմա ապաքինվում է սահմանին ուղիղ նայող այս տանը, տատ ու պապի և եղբոր խնամքի տակ:
Շաբաթը 3-4 անգամ Երևան բուժական մերսումների է գնում: Սկզբի օրերին գիշերները բաց աչքով լուսացրել ենք` թեթևացնելով տղայի ապրումները՝ պատմում է տատը, հիմա ասում է, ավելի հանգիստ է: Ընկերներն էլ հաճախ են այցելում, տրամադրություն փոխում.
Նվեր Անանյան - Կիսվելուց եմ թեթևանում ու եթե զգում եմ` վախտն ա, խոսում եմ:
Իսկ ամենից շատ ու ամենասկզբից նրան օգնել է սիրած աղջիկը: Ինքը չէ, տնեցիները պատմեցին կրակների միջով անցած սիրո մասին: Ծառայության մեկնելուց մեկ օր առաջ աղջիկը նվիրել է այս փոքրիկ Աղոթագիրքը, որից չի բաժանվել նունիսկ կռվի թեժ պահերին.
Նվեր Անանյան - Ինքը միշտ իմ ծոցագրպանում ա եղել, ու սրտիս կողմում, ձեռիս մեջ ա՛յ սենց բացած, Աստծո պատկերը վրան, սենց էլ կրակելիս եմ էղել, ձախլիկ եմ ես էլ, ձախով եմ կրակել, պատ էր առաջս դրել, ոչ մի բան չէր կպչում, էդ դրվագը չեմ կարա պատմեմ, բացատրեմ:
Գարնանը նոր կյանք կսկսի: Որոշել է եղբոր հետ ծաղկեցնել սահմանի բերանի անմշակ հողը: Ծառ կտնկի, այգի կհիմնի: