Երկրապահ կամավորականների միության վարչության նիստերի դահլիճում փետրվարի 4-ին կայացել է ԵԿՄ վարչության և մարզխորհրդի նախագահների ընդլայնված նիստը՝ հայտնում են ԵԿՄ-ից:
Նիստը նախագահել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ներկա են եղել վարչության անդամներ՝ ՀՀ պաշտպանության նախարար, ԵԿՄ վարչության փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, Արամ Սարգսյանը:
Մինչ նիստի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հերոս նահատակների հիշատակը:
Օրակարգի հարցերն էին.
1. Քննարկում սեպտեմբերի 27-ին պարտադրված պատերազմում ընդհանուր իրավիճակի և ԵԿՄ-ի մասնակցության մասին
2. ԵԿՄ վարչության հանձնաժողովների նախագահների համալրման, վարչության նախագահություն ընտրելու մասին (ԵԿՄ կանոնադրության 8.7 կետի ժզ ենթակետ)
3. Առաջարկություն ԵԿՄ վկայականների փոփոխման, նոր վկայականների և նոր մեդալի հաստատման մասին
4. ԵԿՄ նոր անդամագրության, «Պատանի երկրապահ» և «Երիտասարդ երկրապահ» ակումբների դերի բարձրացման և համալրման մասին
5. Ընթացիկ հարցեր: