Մի շարք լրատվականներ, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցին, գրում են, թե հայկական կողմը Ալմաթիում որպես ժամանակավոր կացարան ընտրել է թուրքական Rixos Almaty հյուրանոցը։
Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ համաձայն արարողակարգի՝ ընդունող երկիրն է որոշում (այս դեպքում Ղազախստանը), թե որ միջոցառումը որտեղ և ինչպես անցկացնել։
«Բոլոր երկրների պատվիրակությունների անդամներին Ղազախստանն ընդունել է այդ հյուրանոցում, որտեղ և ացկացվելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Ինչ վերաբերում է վճարներին, ՀՀ պատվիրակության հիմնական կազմի հյուրանոցային վճարը հյուրընկալող կողմի հաշվին է»,- պարզաբանեցին Կառավարությունից։
Հավելենք, որ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող միջոցառումներին Ղազախստանը պատվիրակություններին ընդունում է հիմնականում տվյալ ցանցին պատկանող հյուրանոցում։