«Ամերիկան վերադառնում է. դիվանագիտությունը կրկին մեր արտաքին քաղաքականության կենտրոնում է, մենք կվերակառուցենք մեր դաշինքները և նորից կհամագործակցենք աշխարհի հետ ոչ թե երեկվա խնդիրները լուծելու, այլ այսօրվա ու վաղվա մարտահրավերներին դիմակայելու»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը: Այս մասին տեղեկացրել է euronews-ը:
Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ի հիմնական խնդիրները Չինաստանն է՝ իր աճող հավակնություններով, և Ռուսաստանը, որը, նախագահ Բայդենի համոզմամբ, վճռական է ամերիկյան ժողովրդավարությունն ավերելու հարցում: Սպիտակ տան ղեկավարը ամերիկացիներին խոստացել է «պատժել Մոսկվային իր թշնամական գործողությունների համար»:
Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը կվերանայի արտերկրում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը՝ այն համապատասխանեցնելով ամերիկյան արտաքին քաղաքական գերակայություններին և ազգային անվտանգության շահերին: Կասեցվել է ամերիկացի զինվորականների զգալի մասի դուրսբերումը Գերմանիայից, որը սկսվել էր նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով: