«Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագրով մոտ մեկ տարվա դադարից հետո Հայաստանի քաղաքացիները կրկին Ռուսաստան մեկնելու և այնտեղից վերադառնալու հնարավորություն ունեն նաև Գյումրու Շիրակ օդանավակայանով։ Մեկնողները մեծ մասամբ Գյումրիից և հարակից գյուղերից են՝ հիմնականում տղամարդիկ, որ մեկնում են արտագնա աշխատանքի։
Մարալիկցի Սարգսյանները Շիրակ օդանավակայանից որդուն են ճանապարհում։ Բաժանվելը դժվար է, մոտ մի տարի դուրս չի եկել, կարանտին էր, երկրի սահմանները փակ էր, իսկ որդու գործը դրսում է, պետք է գնա։
Մելանյա Սարգսյան - Մոսկվա է գնում արտագնա աշխատանքի՝ շինարարություն անելու, հետ կգա։
Արամ Սարգսյան - Հեռանալու մտադրություն չկա, աշխատանք չկա, դրա համար ենք գնում։
Տոմսի գնից տեղյակ չեն, ասում են՝ գործատուն է վճարել։ Եթե ինչ-որ լուրջ բան չլինի, մինչև մյուս ձմեռնամուտ կաշխատի որդին, աշնան վերջին տուն կգա։
Մելանյա Սարգսյան - Մանկավարժ եմ, դպրոցում եմ աշխատում: Բոլորն էլ հետ են գալու և շենացնեն երկիրը, անպայման գալու են։
Նինա Ստեփանյանը հյուր է գնում Մոսկվա՝ դստեր տուն, մեկ տարի չի տեսել հարազատներին։ Կարանտինից առաջ է եկել Գյումրի՝ մյուս աղջկան տեսակցելու ու մնացել։
Օնիկ Պողոսյանն էլ վաստականովոր խոփանչիներից է, մշտապես գնում-գալիս է։ Ու բարկանում, երբ հարցնում են՝ հետ գալո՞ւ է, թե՞ չէ։ Գործ կա, չլինի էլ, դրսում գտնելը դժվար չէ, տոմս գնելն էր դժվար, թանկ էր՝ ասում է: Սոցիալական վիճակը ծանր է, երկրում գործ գտնելը հեշտ չէ։ Այլապես ոչ մի դեպքում չէր բացակայի՝ հավելում է։
Յայլոյան ընտանիքն էլ է մնում, Սեյրանն է գնում, կյանք է այդպես է ստացվել, գործի տեղը հեռու է, կաշխատի ու կվերադառնա։
Սեյրան Յայլոյան - Ընտանիքս այստեղ է, չէ չեն ուզում, ես էլ չեմ ուզում, կյանքն է այսպես ստացվել, գնում եմ աշխատեմ, հետ գամ։
Միայն Ամենուհի Ղասաբողլայնն է տխուր. որդու ընտանիքին է ճանապարհում Մոսկվա։ 90-ականներից այնտեղ էին, մոսկվաբնակ հայերը որոշել էին վերադառնալ ու ապրել հայրենիքում։ Որդին հիմա որոշել է Մոսկվա գնալ՝ աշխատելու, հարսին ու թոռներին էլ է տանում, բայց Արեմնուհին ու ամուսինն առայժմ մնում են։ Քյավառի տունն էլ չեն վաճառի, ով գիտի, գուցե որդին միտքը փոխի։
Հայաստանը բոլոր հայերի տունն է, եթե կյանքի կամ գործի բերումով ստացվում է հյուր գնալ ու ճանապարհորդել, թեկուզ ամբողջ աշխարհով, ապա չպիտի մոռանան տունը պահել՝ վերջում հետ վերադառնալու համար՝ ասում է նա։
Շիրակից չվերթեր իրականացնում է հինգ ավիաընկերություն՝ չորսը Մոսկվա-Գյումրի-Մոսկվա, մեկը Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով ուղղություններով։ Փետրվարի մեկից մինչև այսօր երեք չվերթ է եղել Շիրակ օդանավակայանից, նույնքան էլ ժամանում։