Ռոյալը դեռ փոքրիկ կարգավորումների կարիք ունի, և Աշոտ Խաչատուրյանի ականջն աննշան շեղումներ է որսում: Տասնամյա ընդմիջումից հետո հայտնի դաշնակահարը դարձյալ Երևանում է և հատուկ համերգային ծրագրով առաջին անգամ հանդես է գալիս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Միջազգային հեղինակավոր մրցույթների մրցանակակիր երաժիշտը հայտնի է լավագույն երաժշտական հարթակներում դաշնամուրային բարդագույն ստեղծագործությունների ինքնօրինակ մեկնաբանությամբ: Նվագել է տաղանդավոր դիրիժորների՝ Յան Կեյերսի, Ռոդոլֆո Ֆիշերի, Ավգուստին Դումայի, Դանիելե Գատիի, Թոմաս Զոնդեգարդի, Քրիստոֆեր Ուորեն-Գրինի ղեկավարությամբ: Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ հանդես է գալիս բեթհովենյան ծրագրով:
Երաժշիտների համար ճանապարհ հարթելը դաշնակահարը չափազանց կարևոր է համարում: Այդ նպատակով 2018թ. հիմնադրել է Իսայիի անվան միջազգային մրցույթ-փառատոնը, որն աջակցում է երիտասարդ երաժիշտներին:
Արմատներով արցախցի երաժիշտը Երևանում ընկերների հետ օրերս կազմակերպեց կամերային բարեգործական համերգ, որի ամբողջ հասույթը կտրամադրվի Ստեփանակերտի ռմբակոծված երաժշտական դպրոցին. փոքրիկ դաշնակահարների համար ռոյալ կգնեն: Արցախի համար պատրաստ են մշտական աջակցության՝ վստահեցնում է երաժիշտը: