ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:
ԿԳՄՍ նախարարությունը շուրջ երկու տարի աշխատել է բարձրագույն կրթության և գիտությանն առնչվող մայր օրենքի վրա, որը երկար է քննարկվել, փոփոխության է ենթարկվել, արժանացել կարծիքների բախումների:
Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ իր՝ նախարար նշանակվելուց հետո հայտարարել է, որ նախագծի որոշ դրույթների համամիտ չի եղել, սակայն գիտակցել է, որ այն չպետք է ուշանա և պետք է ժամանակին ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Ուստի, ըստ նրա, ինտենսիվ աշխատանք է կատարվել, և գործադիրի ու օրենսդիրի ջանքերով ներկայացվել է ընդունելի նախագիծ:
Դումանյանն ասաց, որ գաղտնիք չէ, որ բուհական համակարգը լրջագույն ճգնաժամի մեջ է: Ճգնաժամի պատճառներից մեկը, ըստ նախարարի, կրթական համակարգի կառավարչական մասի ոչ լիարժեքությունն է: «Այն, ինչ հիմա, կա, բավարար չէ: Ցավալի բան կա՝ իշխանությունը, պետությունը, բուհի անձնակազմը, կարծես, դարձել են հակամարտող կողմեր, ինչն անընդունելի է: Չի կարող ուսանողը կամ դասախոսը լինել այն մարմնում, որտեղ նա պետք է գնահատի իր վերադասին, այսինքն՝ ռեկտորի ենթական չի կարող հաշվետվություն լսել ռեկտորից, այստեղ շահերի բախում կա: Եթե այնտեղ կա մի սեփականատեր, դա պետությունն է, քանի որ պետական բուհ է, պետությունը ֆինանսավորում է, բայց երբ կառավարման մասով պետությունը ցանկանում է իր կամքը հայտնել, ասում են՝ դուք միջամտում եք, խոչընդոտում մեր ինքնավարությանը»,- նշեց նա:
Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է կրճատել բուհական խորհուրդների կազմերը՝ 16-ից դարձնելով 9-ը, 5-ը՝ լիազոր մարմնի, 4-ը՝ բուհի կողմից (կլինեն դասախոս, ուսանող՝ կորոշի բուհը): Նա նշեց, որ խորհուրդը կարող է անվստահություն ներկայացնել լիազոր մարմնին, և խորհուրդը կարող է բուհի ղեկավարին ազատել պաշտոնից:
Վ.Դումանյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է ԵՊՀ-ին տրամադրել հատուկ կարգավիճակ, ինչը, ըստ նրա, վաստակած կարգավիճակ է: Նրա խոսքով՝ դա պետք է արվի օրենքով, որպեսզի հարցը չմնա այդ օրվա պետության ղեկավարի հայեցողությանը:
Կառավարությունն առաջարկում է արգելել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին նույն կարգավիճակն ունենալ նաև բուհում: «Այդ անձը, ուզի թե ոչ, իր ղեկավար դիրքը, միևնույն է՝ արտահայտելու է բուհում»,- հստակեցրեց նախարարը:
Դումանյանի խոսքով՝ առաջարկվում է նաև, որ բուհերի մասնաճյուղերի տնօրենները նշանակվեն ռեկտորի հրամանով՝ առանց ընտրության: Միաժամանակ, ըստ նախարարի, օրենքի ընդունումից հետո գործող ռեկտորների փոփոխություն չի նախատեսվում մինչև նրա ժամկետի ավարտը, քանի որ նրանք ընտրված ռեկտորներ են: Նոր բացվող բուհում ռեկտոր կնշանակվի մեկ տարի ժամկետով, հետո կհայտարարվի ռեկտորի ընտրության մրցույթ:
Նախագծով, նախարարի խոսքով, ԳԱԱ ինստիտուտներին տրվելու են ինքնավարություն և ուղիղ կառավարման հնարավորություն: «Նրանք դեմ են, քանի որ գտնում են, որ մեկ տեղից կառավարումն ավելի ճիշտ է, սակայն, վստահեցնում եմ՝ կառավարում լինելու է՝ գործող ԳԱԱ գործող ղեկավարությամբ կամ այլ տարբերակով: Այնուհանդերձ, այս տեսքով Գիտությունների ակադեմիան խնդրահարույց է»,- ասաց նա: