ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նշեց, որ առաջարկվում է սահմանել, որ հինգ տարին մեկ ավանդների երաշխավորված չափերի վերանայումը կատարվի ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջարկությամբ:
Գործող կարգավորման համաձայն՝ Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը առնվազն հինգ տարին մեկ քննարկում է երաշխավորված ավանդի` օրենքով սահմանված չափերի վերանայման հարցը` հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան: Դրանից հետո երաշխավորված ավանդների չափերը փոփոխվում են օրենքով:
Սակայն, ըստ նախագծի հեղինակի, այդ չափերը, նպատակահարմար է, որ իրականացնի այն մասնագիտացված մարմինը, որը տիրապետում է այդ հաշվարկների համար հիմք հանդիսացող տեղեկատվությանը: Արտակ Մանուկյանի խոսքով՝ նման որոշումները պետք է զերծ լինեն քաղաքական ազդեցությունից:
Հանձնաժողովը որոշեց երկու ամսով հետաձգել նախագծի քննարկումը՝ նոր առաջարկներ ներգրավելու և այն լրամշակելու նպատակով: