ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հուսով է առաջիկայում նախնական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներ: Այդ մասին
ՏԱՍՍ-ին ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը: «Քննարկումները շարունակվում են: Հուսով ենք, որ այն տեղի կունենա մոտ ժամանակում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն պատրաստակամություն էր հայտնել առաքելություն ուղարկել Ղարաբաղ՝ օգնելու վերականգնել տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությունը: Անցած տարվա դեկտեմբերին կառույցի փոխտնօրեն Էռնեստո Օտոնեն ընգդծել էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն «սպասում է Ադրբեջանի հաստատմանը, որպեսզի կարողանա շարունակել տարածաշրջան գնահատող առաքելության ուղարկման աշխատանքը»: Դրանից հետո Ադրբեջանի կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հորդորել էր «չքաղաքականացնել Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանությունը» և հայտարարել, թե Բաքուն «պատրաստ է կառուցողական երկխոսության»: