Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը այսօր հրավիրված նիստում քննարկեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերձած պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ համայնքներում հաշվառված բնակիչների սոցիալական վիճակի հնարավոր վատթարացմամբ և սոցիալական աջակցության ծրագրերի ներդրման անհրաժեշտությամբ:
«Խնդիրը «Հայխնայբանկում» ներդրված ավանդներն են: Այս տարվա բյուջեով, ըստ էության, շահառուները 1938 թվականին ծնվածներն են: Ամեն տարի փորձում ենք ավելի մեծացնել հասցեականությունը: Հիմա, պայմանավորված փոփոխությունով՝ սահմանամերձի տրամաբանությունը ևս փոփոխվել է»,- նշեց պատգամավորը:
«2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված կարգով այս տարի շարունակվելու է «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ որպես նախկին ԽՍՀՄ «Խնայբանկի» ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման միջոցառումը:
Նախագծով առաջարկվում է ընդլայնել ԽՍՀՄ «Խնայբանկում» ներդրված ավանդների փոխհատուցման հնարավորություն ունեցող շահառուների ցանկը՝ պատերազմական գործողությունների արդյունքում մասնակից շահառուների թվի ավելացմամբ՝ միաժամանակ նպատակ ունենալով բարելավել թիրախային համայնքների բնակիչների ընդհանուր սոցիալական վիճակը:
Հարցը չդրվեց քվեարկության, որոշում կայացվեց լրամշակել նախագիծը և քննարկել երկու ամսից: