ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ելույթի ժամանակ ասել է, որ 2020 թվականը հեշտ չէր ԵԱՏՄ 5 երկրից որևէ մեկի համար, սակայն համատեղ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ խուսափել երկրների տնտեսությունների համար վատագույն սցենարից: «Կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակում է մնալ մեր գործունեության կարևոր ուղղություններից մեկը, ակնհայտ է, որ որոշիչ գործոնը լինելու է ԵԱՏՄ ամբողջ տարածքում պատվաստման կազմակերպումը: Գիտեք, որ Ռուսաստանում արդեն գրանցվել է երկու պատվաստանյութ, աշխատում ենք երրորդը գրանցելու ուղղությամբ, և նախագահի հանձնարարականով սկսվել է զանգվածային անվճար պատվաստում: Մենք պատրաստ ենք գործընկերներին աջակցել, կազմակերպել փորձի փոխանակում և ձեզնից յուրաքանչյուրի հետ ակտիվ փոխգործակցում ենք: Անհրաժեշտ է ձեռնարկել նաև այլ քայլեր, որոնք թույլ չեն տա վարակի տարածումը, ստեղծել միության ներսում ուղևորափոխադրումների անվտանգ պայմաններ, դրա համար, ինչպես արդեն ասվել է, փորձնական գործարկվել է «Ճամփորդում եմ առանց ՔՈՎԻԴ-19-ի» նախագիծը. փետրվարի 1-ից ԵԱՏՄ քաղաքացիները հնարավորություն ունեն սահմանն անցնել՝ ցույց տալով հատուկ հեռախոսային հավելվածում բացասական թեստի արդյունքը, թեև առայժմ այդ նախագծում կան միայն Հայաստանը, Ռուսաստանը և Բելառուսը, բայց մենք ակնկալում ենք այդ պրակտիկայի ընդլայնում»,- նշել է Միշուստինը:
ՌԴ Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ բջջային հավելվածի կիրառման արդյունքում մարդիկ կկարողանան ավելի արագ վերադառնալ բնականոն կյանքին, գնալ արտագնա աշխատանքի ու ճամփորդել: Կորոնավիրուսն ու նրա հետևանքները, օրինակ՝ շուկայի անկայունությունը, տնտեսական աճի դանդաղումը, Միշուստինի խոսքով, միակ մարտահրավերը չեն, որի առաջ կանգնած է Եվրասիական տնտեսական միությունը: «Այդ հիվանդության և դրա հետևանքների դեմ որևէ երկրի որևէ քաղաքացի իմունիտետ չուներ, չունեին նաև տնտեսությունները: Բայց այդ պայքարում ջանքերը մեկտեղելու և դիրքորոշումները վերանայելու փոխարեն, ցավոք, որոշ երկրներ առաջնորդվում են միայն սեփական շահով: Այդ ամենը կարող է հանգեցնել անկանխատեսելի, նույնիսկ վտանգավոր հետևանքների: Տարեցտարի խստացվում են տնտեսական պատժամիջոցները, սրվում են առևտրային պատերազմները»,- շեշտել է ՌԴ վարչապետը:
Նրա կարծիքով՝ այդ պայմաններում ԵԱՏՄ առաջնահերթությունը պետք է դառնա միության ներսում արդյունաբերության զարգացումը և պետական ծրագրերի ներդրումը ներմուծումների ոլորտում, որը պետք է անել ազգային մակարդակով: Միշուստինը հիշեցրել է, որ հենց այդ առաջարկն է դեկտեմբերին հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ակնկալում ենք, որ որքան հնարավոր է շուտ կսկսենք առկա պայմանավորվածությունների կատարումն այդ ոլորտում և հատուկ ուշադրության կարժանացնենք բարձր տեխնոլոգիաների արտադրությունը: Անցած տարեվերջին պետությունների ղեկավարները հաստատել են ԵԱՏՄ զարգացման ռազմավարությունն առաջիկա հինգ տարվա համար, և պատրաստել ենք դրա կատարման ծրագիրը, որը պետք է համաձայնեցնել և ընդունել, հստակեցնել պայմաններն ու ժամկետները: Անդամ երկրները պետք է ջանքեր գործադրեն նաև ազգային տնտեսությունների թվայնացման համար: ԵԱՏՄ-ն միշտ բաց է երկխոսության համար»,- եզրափակել է նա: