Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս, գործարար Անտոնիո Մոնտալտոն «Կումայրի» արգելոցի տարածքում ապօրինի շինարարություն է սկսել։ Իտալացի գործարարին պատկանող «Վիլլա Կարս» հյուրանոցի դիմաց գտնվող միահարկ մասնաշենքը, որը գտնվում է Ռուսթավելի 22 հասցեում, դառնում է եռահարկ։
Այս օրերին շենքի շինարարական աշխատանքները շարունակվում են։ «Լուրերը» մի քանի գրավոր հարցեր էր ուղարկել Գյումրիի քաղաքապետարան՝ ճշտելու շինարարության իրավական հիմքերը։ Ի պատասխան՝ քաղաքապետարանից պատասխանել են. «Ռուսթավելի 22 հասցեում գտնվող շինությունը սեփականության իրավունքով պատկանում է Անտոնիո Դոմենիկո Մոնտալտոյին։ Շինարարական աշխատանքների իրականացման համար չի տրամադրվել համապատասխան թույլտվություն, չկա ճարտարապետահատակագծային առաջադրանք»։
Քաղաքապետարանից «Լուրերին» նաև տեղեկացրել են, որ վարչական իրավախախտումն արձանագրվել է, հարուցվել է վարչական վարույթ, Անտոնիո Մոնտալտոն տուգանվել է նախ 200.000 դրամով, ապա 2.5 միլիոն դրամով. «Տուգանքները վճարված են, անձը զգուշացված է աշխատանքների դադարեցման մասով»,- տեղեկացրել են քաղաքապետարանից։ Ապօրինի շինարարության հետևանքով խաթարվել է հուշարձան շենքի ճարտարապետական տեսքը, կոնստրուկտիվ լուծումները։
Ըստ վարչական ակտի՝ ավանդական դռներ ու պատուհաններ են հանվել, վթարային պատ է քանդվել, կառուցվել է նորը՝ ամրացվելով երկաթբետոնե սյուներով։
Անտոնիո Մոնտալտոյի ներկայացուցիչ Սարիկ Պողոսյանը «Լուրերին» վստահեցրեց՝ մինչ շինարարության մեկնարկը մի քանի անգամ դիմել են քաղաքապետարան՝ շինթույլտվություն ստանալու համար, սակայն արձագանք չի եղել. «Շատ անգամներ ենք դիմել, անընդհատ ետ են գցել։ 15 օրվա մեջ մեզ պիտի պատասխան տային, չեն տվել։ Երկու անգամ գրավոր դիմումները գնացել են, չեն ընդառաջել, ոչ մի արձագանք չի եղել»,- ասաց Պողոսյանը։ Վերջինի խոսքով՝ ներկայում ընթանում են տանիքի հետ կապված աշխատանքներ, շենքը հանդիսանում է Անտոնիո Մոնտալտոյի սեփականությունը և դրա օգտագործումը կորոշի Մոնտալտոն։
Ռուսթավելի փողոցն ու դրան շրջակա մի քանի փողոցների վերականգնումը սկսվել է 2016 թ.։ Գյումրիում Իտալիայի հյուպատոսը քաղաքի այս հատվածում մի քանի հուշարձան-շենքերի սեփականատեր է։