ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ չնայած նախորդ տարվա դժվարություններին՝ 2020 թ․ հնարավորինս համախմբել են առկա ողջ տեխնիկական ու մարդկային ռեսուրսը, որպեսզի չընդհատվեն սուբվենցիոն ծրագրերը, և համայնքներում կենսական խնդիրներ լուծող պետություն - համայնք համագործակցության այս ձևաչափը չտուժի։
«Սուբվենցիոն ծրագրերով 2020 թ․ շարունակվեցին Հայաստանի բնակավայրերի մի շարք կարևոր ենթակառուցվածքների բարեկարգումը․ ընդհանուր 26,12 մլրդ դրամ արժողությամբ շուրջ 576 սուբվենցիոն ծրագիր իրականացվեց Հայաստանի 10 մարզերում։ Անցկացվեցին կամ նորոգվեցին խմելու ջրի ջրամատակարարման, ոռոգման, ջրահեռացման համակարգեր, վերանորոգվեցին մանկապարտեզներ, մշակութային տներ, բարեկարգվեցին այգիներ, պուրակներ, ասֆալտապատվեցին ներհամայնքային ճանապարհներ և փողոցներ։
Վերջիններս ունեցան նաև էներգախնայող լուսավորության համակարգեր։
Սուբվենցիոն ծրագրերով լրացվեց նաև համայնքների մեքենասարքավորումների ու գույքի հարցը, և հողամշակ բնակչի համար շատ բնակավայրերում ապահովվեց գյուղտեխնիկայի հասանելիությունը։
Շատ կարևոր էր նաև էներգարդյունավետության բարձրացման ծրագիրը, որը ևս իրականացվեց սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեխնիկական աջակցությամբ և համաֆինանսավորմամբ։ Շենքերի ջերմաարդիականացման, արտաքին պատերի ջերմամեկուսացման շնորհիվ բնակիչները հնարավորություն ստացան կրճատել գազի և էլեկտրականության համար նախատեսված ծախսերը։
Նկարներում տեսանելի է 2020 թ․ իրականացված սուբվենցիոն ծրագրերի ինֆոգրաֆիկան՝ ըստ ոլորտային ուղղվածության և մարզային բաշխվածության»,- գրել է Պապիկյանը: