Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կազմակերպվել է ասուլիս, որի ընթացքում ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդական Հայկուհի Գյոկչյանը և ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրել են ոլորտի վերջին մեկ տարվա ձեռքբերումները, ուռուցքաբանության զարգացման հետագա ուղիները։
Մասնագետները նշել են, որ այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մասնագետներին և հասարակությանը հորդորում է ուշադրությունը սևեռել քաղցկեղի առաջացմանը նպաստող երկու հիմնական ռիսկի գործոնին` ալկոհոլի չարաշահում և ծխախոտի օգտագործում:
ԱՀԿ վերջին հասանելի տվյալների (2018) համաձայն` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 12 մլն նոր դեպք և շուրջ 9.6 մլն մահացության դեպք:
Մահվան յուրաքանչյուր 6-րդ դեպքն աշխարհում պայմանավորված է չարորակ նորագոյացությամբ: ԱՀԿ փորձագետների կանխատեսմամբ` կանխարգելիչ, ախտորոշիչ և բուժական միջոցառումները ոչ լիարժեք իրականացնելու դեպքում, մինչև 2030 թվականը չարորակ նորագոյացություններով հիվանդացության նոր դեպքերի թիվը կկազմի 27 մլն, իսկ մահերինը` 17 մլն:
ՀՀ բնակչության չարորակ նորագոյացությունների մահացության, հիվանդացության և տարածվածության միտումները.
2019 թ. Հայաստանում գրանցվել է չարորակ նորագոյացություններով պայմանավորված 5434 մահվան դեպք, որը կազմում է ընդհանուր մահերի 20.8%-ը: ՀՀ-ում յուրաքանչյուր հինգերորդը մահանում է չարորակ նորագոյացությունից: Այն զգալիորեն բարձր է տղամարդկանց շրջանում (55.2%, 2999 դեպք, կանայք` 44.8%, 2435):
Չարորակ նորագոյացություններից մահացության դեպքերը 2019 թվականին (5434) 1990-ի (3484) համեմատությամբ աճել են 1.5 անգամ, իսկ հիվանդացությունը` 1.6 անգամ (1990 թ.` 5162, 2019 թ.՝ 8441):
Այն առավել տարածված է մեծահասակ բնակչության շրջանում. մինչև 14 տարեկան երեխաների շրջանում չարորակ նորագոյացություններով հիվանդացությունը 2019-ին 1990 թ. համեմատությամբ նվազել է շուրջ 2 անգամ, իսկ ընդհանուր հիվանդների թիվը` 1.5 անգամ:
Չարորակ նորագոյացություններով հիվանդացությունը կտրուկ աճում է 35 և բարձր տարիքային խմբում:
Հարկ է նշել, որ վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է, որ վերջին տարիների ընթացքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում են ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղները: Ընդ որում, տղամարդկանց շրջանում առավել տարածված են` շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի և ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի չարորակ նորագոյացությունը:
Ի դեպ, չարորակ նորագոյացությունների տարածվածության և մահացության բարձր ցուցանիշները պայմանավորված են բնակչության ռիսկային վարքագծով: Ապացուցողական տվյալների համաձայն` քաղցկեղի առաջացմանը մեծապես նպաստում են՝ ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սննուդը, ավելցուկային քաշը և այլ ռիսկի գործոնները, որոնց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա էապես բարձրացնում է այդ հիվանդությունների զարգացման հնարավորությունը:
Իրականացվող ծրագրերը.
Արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման և վերահսկման, ինչպես նաև մահացության նվազեցման նպատակո, 2015 թ. հունվարից 30-60 տարեկան կանանց շրջանում իրականացվում է զանգվածային սքրինինգային հետազոտություններ: 2019 թ. կատարվել է 58274 ՊԱՊ թեստի հետազոտություն, 2020-ին` 20256:
2019 թ. հունվարից ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն իրականացվում է ամբողջովին պետական պատվերի շրջանակներում: 2020 թ. ընթացքում կատարվել է 9960 վիրահատություն:
2019 թ. հուլիսից պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում տրամադրվում է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվողներին, բռնադատվածներին, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներին, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց, ձերբակալվածներին, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածներին, մինչև 18 տարեկան երեխաներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձանց: Բնակչության բոլոր խմբերին, բացառությամբ վերը նշվածից, հիշյալ ճառագայթային բուժումն իրականացվում է արտոնյալ պայմաններով՝ համավճարային սկզբունքի կիրառմամբ: Ծրագրի մեկնարկից մինչ 2020 թ. տարեվերջ կատարվել է 6380 սեանս:
2020 թ. մարտի 26-ից կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող պացիենտները բուժում են ստանում թիրախային Տրաստուզումաբ (Հերցեպտին) դեղով՝ պետական ծրագրի շրջանակներում: Մինչ օրս ծրագրի շրջանակներում շուրջ 200 կին ստացել է դեղը: Նրանցից յուրաքանչյուրը դեղը ստանալու է 12 ամիս` 21 օրը մեկ ռեժիմով:
2021 թ. հունվարի 21-ից մեկնարկել են կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտությունները Վանաձոր քաղաքում և Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում: Շարժական մամոգրաֆը դեռ 6 ամիս տեղակայված կլինի Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում, և Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն կունենան անցնելու անվճար մամոգրաֆիկ հետազոտություն: Այնուհետև շարժական մամոգրաֆը կտեղափոխվի Լոռու մարզի այլ քաղաքներ:
Ասուլիսի ավարտին կազմակերպվել է շրջայց ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ներկայացվել են կատարված վերջին բարեփոխումները։