Կառավարությունը հաստատեց հանրակրթության նոր պետական չափորոշիչը, որով սահմանվում է պետության ակնկալիքը դպրոցից և 12-ամյա կրթության ավարտից հետո շրջանավարտներից:
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնեց, որ հանրակրթության նոր պետական չափորոշիչը հիմնված է կարողունակությունների վրա, ինչը նշանակում է, որ հավասարապես շեշտադրվում են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումները և արժեքային բաղադրիչը՝ որպես հանրակրթության հիմնական անելիք:
«Սահմանել ենք վերջնարդյունքներ կրթական երեք աստիճանների համար՝ տարրական, հիմնական և ավագ, ինչը հնարավորություն է տալիս սկզբունքորեն իրագործել նոր մոտեցում և, խուսափելով այս պահին գործող առարկայակենտրոն մոտեցումից, որի պայմաններում ունենք առանձին առարկաներ և շեշտադրված է այդ առարկաների ինքնաբավ գոյությունը դպրոցում՝ անցում կատարել ինտեգրված մոտեցմանը, որը հնարավորություն է տալիս տեսնել տարբեր կապերը, առանձնացնել խաչվող գաղափարները և ամեն առանձին առարկայի միջոցով հասկանալ, թե ինչպես ենք նպաստում այդ ընդհանուր վերջնարդյունքներին հասնելուն»,- ասաց Անդրեասյանը:
Փոխնախարարի խոսքով՝ այն թույլ կտա նաև էապես խուսափել կրկնություններից, առավել արդյունավետ օգտագործել այն ժամանակը, որ մենք ծախսում ենք դպրոցում, նաև երեխայի ժամանակը և դրա շրջանակում ավելի արդյունավետ և հետագայում նաև հանրային զարգացմանը նպաստելու համար շոշափելի արդյունք ստանալ:
«Մենք ընդհանուր առմամբ նվազեցնում ենք դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ չկրճատելով բովանդակային ծավալը և նպատակ ունենալով հասնել ավելի մեծ արդյունքների:
Դպրոցները ստանալու են ընտրության հնարավորություն օրինակելի պլանի հիման վրա ձևավորել իրենց սեփական մոտեցումները: Անդրեասյանը նշեց, որ դա դրսևորված է հանրակրթության պետական չափորոշչում 7 ուսումնական բնագավառների առանձնացման և դրանց շրջանակում դպրոցներին ընտրության հնարավորությունների ընձեռման միջոցով:
«Պահպանվել է նաև պետական հստակ քաղաքականությունը՝ պետական պարտադիր բաղադրիչի միջոցով և չորս պարտադիր առարկաները սահմանելու միջոցով, որոնք են՝ հայոց լեզուն և գրականությունը, մաթեմատիկան, հայոց պատմությունը և օտար լեզուն: Դրանք երաշխավորված ժամաքանակ ունեն բոլոր դպրոցներում՝ անկախ իրենց կազմակերպաիրավական ձևից: Կարևոր ճկունության դրսևորում է անհատական բաղադրիչը, ինչը հնարավորութուն է տալիս ձևավորել աշակերտների կարիքներից բխող նաև մոտեցումներ և, մասնավորապես, ավագ դպրոցի ռեֆորմ իրականացնել: Մենք կարողանալու ենք հրաժարվել այս պահին գործող հոսքային ուսումից և անցնել անհատականացված դասացուցակի՝ ըստ առանձին աշակերտի նախասիրությունների և մասնագիտական կողմնորոշման: Սա նաև թույլ կտա այս պահին գործող այն անհավասար իրավիճակը, որ ունենք քաղաքներում առանձին ավագ դպրոցների և հիմնականում գյուղական համայնքներում տեղակայված միջնակարգ դպրոցների ավագ դասարանների պարագայում՝ այդ անհավասարությունը վերացնել:
Ավագ դպրոցի ռեֆորմին նպաստելու է նաև մոդուլային ուսուցումը, ինչը հնարավորություն է տալու ավագ աստիճանում ունենալ կարճաժամկետ դասընթացներ, քան ուսումնական մեկ տարին է, և մասնագիտական կողմնորոշումը շեշտադրելու տեսանկյունից ավելի արդյունավետ քաղաքականություն կիրառել»,- մանրամասնեց Անդրեասյանը:
Նա շեշտեց, որ շատ կարևոր է նախագծային ուսուցումը՝ 7-րդ դասարանից սկսած, ինչը հնարավորություն է տալու զարգացնել սովորողների ինքնուրույն, հետազոտական և ստեղծագործական կարողությունները, ինչպես նաև իրականացնել համայնքային նախագծեր:
Նախատեսվում է բազմազանեցնել գնահատման կարգը: Միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, ինչը նշանակում է, որ տարրական դպրոցում առաջարկվում է հրաժարվել միավորային գնահատման գործող ձևից և կիրառել ավելի խրախուսող գնահատման ձևեր: Առաջարկվել է հրաժարվել անբավարար գնահատականային շեմից և 10 միավորանոց սանդղակում յուրաքանչյուր միավոր դիտարկել իբրև առաջընթաց, ինչպես որ կա: