Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը:
Ըստ այդմ՝ կանոնակարգվում են քաղաքացիների աջակցություն նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները: Մասնավորապես՝ միանվագ և ամսական դրամական օգնությունը վճարելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Սյունիքի մարզպետարանից ստացված տվյալների հիման վրա՝ դրանք համադրելով բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրացման վերաբերյալ տվյալների հետ: Միանվագ և ամսական դրամական օգնության գումարը վճարվում է անկանխիկ եղանակով՝ շահառուի (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) բանկային հաշվին փոխանցելու միջոցով։ Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 35 մլն դրամ, որը կհատկացվի ՀՀ 2021 թ. պետբյուջեով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։