Պատերազմից հետո չունենք տվյալներ, սակայն գիտենք, որ մեծ արտահոսք չի եղել: Դրա հնարավորությունը չի եղել: Հիմա, երբ օդային հաղորդակցությունը կանոնավոր կլինի, և աշխարհը կբացվի, և Հայաստանն էլ աշխարհի համար կբացվի, կարծում եմ՝ պատկերն ավելի ռեալ կլինի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Հարցին, թե ներգաղթի ակնկալիք ունի՞, պատասխանեց՝ ներգաղթի ակնկալիք միշտ ունեն, բայց այս պահին անուրանալի է, որ ժողովրդի մեջ հոգեբանական որոշ անկում կա՝ կապված պատերազմի բացասական արդյունքների հետ, և գոնե կարճաժամկետ իմաստով հնարավոր է, որ Հայաստանից արտահոսք լինի:
«Արտագաղթի տրամադրությունները ժամանակի մեջ են ռեալ, այսինքն՝ այս պահին շատ ավելի ցանկացողները շատ են, քան կլինեն վաղը, երբ մարդիկ շոկից դուրս գան: Նույն կերպ կարող ենք ասել, որ դեկտեմբերին շատ ավելի շատ էին արտագաղթի ցանկություն ունեցողները, քան այսօր»,- ասաց Սինանյանը:
Անդրադառնալով նաև հարցին, որ ավիատոմսերը դեպի Մոսկվա բավականին թանկացել են, Սինանյանը նշեց, որ շուկան է այդպես որոշում, և այնպես չէ, որ մենք ունենք ազգային ավիափոխադրող, որ կարող ենք թելադրել գին, արժեք: